Կինոտարին Հայաստանում. 2015-ի ամենադիտված և ամենաանտեսված ֆիլմերը

Կինոտարին Հայաստանում. 2015-ի ամենադիտված և ամենաանտեսված ֆիլմերը

PanARMENIAN.Net - Երևանյան «Մոսկվա» ու Cinema Star կինոթատրոնները տվյալներ են ներկայացրել 2015-ին կինոսեանսների այցելությունների վերաբերյալ: PanARMENIAN.Net ը ներկայացնում է ամենաշատը դիտված և քիչ այցելություններ գրանցած ֆիլմերը: Պետք է հաշվի առնել, որ այցելությունների քանակը կախված է ոչ միայն այս կամ այն կինոնկարի սիրված լինելուց, այլ նաև սեանսների քանակից: Բացի այդ, «Մոսկվա» կինոթատրոնի ներկայացրած ֆիլմացանկը ներառում է միայն արտասահմանյան ֆիլմերը, և որ ցանկում ներգրավված չեն տարբեր կինոփառատոների, հատուկ ցուցադրությունների կամ ՀՀ-ում տարբեր երկրների դեսպանությունների կողմից կազմակերպվող միջոցառումների ընթացքում ցուցադրված ֆիլմերը:

2015-ի ամենադիտված ֆիլմերը

«Մոսկվա» կինոթատրոնում դիտումների և սեանսների քանակի առումով բացարձակ առաջատարը «Մինիոնները» անիմացիոն ֆիլմն է` 11.716 մարդ է դիտել մուլտֆիլմի երկչափ և եռաչափ տարբերակները (115 և 84 սեանս համապատասխանաբար): Երկրորդ տեղում է «Ֆորսաժ 7» բլոկբասթերը` 7.304 դիտում, երրորդը` «Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ մելոդրաման է` կինոֆիլմի 37 սեանս է այցելել 4. 614 հանդիսատես:

«8 նոր ժամադրություն» ռուսական մելոդրաման 58 սեանսի արդյունքում դիտել է 3.557 մարդ: Նրան հաջորդում է «Մոխրոտը» (3.509 դիտում և 55 սեանս): 6-րդ հորիզոնականում է «Քաղցած խաղեր. Մոքինգջեյ, մաս II» ֆիլմը, որը սագայի եզրափակիչ մասն է` 73 սեանս և 2.098 դիտում: «Վազողը լաբիրինթոսում. Փորձություն կրակով» ֆանտաստիկ ֆիլմը երկչափ և եռաչափ ձևաչափով (23 և 28 սեանս համապատասխանաբար) այցելել է 1.716 մարդ:

8-րդ տեղում է «Լրտեսը» (1.543 դիտում, 45 սեանս), որին հաջորդում է Ռիդլի Սքոթի «Մարսիացին» (1.289 դիտում, 43 սեանս): Տասնյակը եզրափակում է «Ա.Ն.Ք.Լ. գործակալներ» լրտեսական կատակերգությունը (1.096 դիտում, 53 սեանս): Cinema Star-ում այցելությունների թվով առաջատարը կրկին ամերիկյան «Մինիոններն» են, որին հաջորդում են հայկական արտադրության «Սիրո գործակից» և «Հյուսիս-Հարավ» ֆիլմերը:

Ամենաանտեսված ֆիլմերը

«Մոսկվա» կինոթատրոնում «աութսայդերների» (200 դիտումից պակաս) ցանկում են ռուսական անիմացիոն «Օյ, Նոյը գնաց» կինոնկարը (183 դիտում, 14 սեանս), «Սուպեր Մայք XXL» երաժշտական կատակերգությունը (175 դիտում, 16 սեանս), «Սնուպին և ցմփորիկը կինոյում», «Սան Անդրեաս» աղետ-ֆիլմը (150 դիտում, 14 սեանս): Քիչ հանդիսատես են հավաքել նաև «Լոնդոնյան արձակուրդներ» մելոդրաման (123 հանդիսատես, 12 սեանս), Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը (109 հանդիսատես, 12 սեանս), «Ձախլիկը» սպորտային դրաման (71 հանդիսատես, 6 սեանս), «Փրկություն» Բրյուս Ուիլլիսի մասնակցությամբ թրիլերը (64 հանդիսատես, 7 սեանս): Ամենավատ ցուցանիշը բրիտական «Հիշողություններ ապագայի մասին» ֆիլմինն է (41 հանդիսատես, 6 սեանս):

Cinema Star այցելությունների թվով նվազագույն ցուցանիշներն են արձանագրվել հայկական արտադրւթյան «Չներվածները» և «Արդո՞յք լսում ես ինձ, ճակատագիր» ֆիլմերը, ինչպես նաև ռուսական «Դաբլ տրաբլը»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---