ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ. Կրկնակի նվազել է մայրական և նորածնային մահացությունը, անպտղությունը

ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ. Կրկնակի նվազել է մայրական և նորածնային մահացությունը, անպտղությունը

PanARMENIAN.Net - Հայաստանում վերջին տարիներին լուրջ հաջողություններ կան արձանագրված. կրկնակի նվազել է մայրական, նորածնային մահացությունների թիվը, չբերության ցուցանիշները: Այս մասին ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանն ասել է Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիան Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիայի հետ համատեղ և ՀՀ ԱՆ գործնական աջակցությամբ կազմակերպված գիտաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում, հայտնում է Tert.am-ը:

«Նվազել են հղիության արհեստական ընդհատումները: Եթե մի քանի տարի առաջ տարեկան ունենում էինք հղիության մոտ 30 000 ընդհատում, ապա անցյալ տարի եղել է ընդամենը 7000: Կրկնակի իջել է նաև անպտղության ցուցանիշը: Անպտղությամբ տառապող զույգերի ցուցանիշը 2000 թվականին 30% է եղել, 2014-15 թթ. նվազել է հասնելով` 14,6 %` կրկնակի և ավելի պակասել է»,- ասաց Ռազմիկ Աբրահամյանը:

Սակայն, ըստ նրա, կան որոշ խնդիրներ, որոնք ավելի խորն ուսումնասիրության կարիք ունեն: Դրանցից մեկն էլ, ըստ Ռազմիկ Աբրահամյանի՝ կրելախախտն է, վաղաժամ ծննդաբերությունները և այլն:

«Այսօրվա հանդիպումը նվիրված է կարևոր հարցի՝ հղիության կրելախախտին, նրա կանխարգելմանը և միջոցառումների ձեռնարկմանը: Մենք հրավիրել ենք ՌԴ այդ ոլորտի առաջատար մասնագետին, ով մեր մանկաբարձ-գինեկոլոգներին և ախտորոշման մասնագետներին կներկայացնի այդ խնդրին առնչվող արդիական մոտեցումները: Վաղաժամ ծննդաբերությունների ցուցանիշները 11%-ի են հասնում, շատ բարձր չէ, բայց ցածր էլ չէ, որովհետև եթե վաղաժամ ծննդաբերություն է, խնդիր ունենք նորածնի խնամքի հետ կապված»,- նշել է մանկաբարձ-գինեկոլոգը:

Նրա խոսքով՝ որքան նվազի վաղաժամ ծննդաբերության ցուցանիշը, այնքան առողջ, նորմալ նորածիններ կլինեն:

Տարեվերջին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեց ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թթ. ազգային ծրագիրն ու դրա իրականացումն ապահովող միջոցառումները: Նիստի ժամանակ զեկուցվել է, որ ծննդօգնության հավաստագրի ծրագրի տարեկան ֆինանսավորումը 4 միլիարդ դրամից հասցվել է 7 միլիարդի, ինչի արդյունքում էապես կրճատվել են մայրական և նորածնային մահացության դեպքերը: Նշվեց, որ կառավարությունը շարունակելու է տարբեր ծրագրերի միջոցով խթանել ծնելիության աճը:

2013-ին ընթացքում հանրապետությունում արձանագրվել է մայրական մահացության 8, իսկ 2015-ին՝ 5 դեպք: 1000 կենդանածինների հաշվով 2011-ին նորածնային մահացության ցուցանիշը կազմել է 11,7 տոկոս, իսկ 2014-ին՝ 8,7:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---