Վրաստանում նոր նավահանգիստ կկառուցվի

Վրաստանում նոր նավահանգիստ կկառուցվի

PanARMENIAN.Net - Անակլիա նավահանգստի կառուցումը կսկսվի 2016-ին, իսկ 2017-ին, երբ պատրաստ լինի բնապահպանական եզրակացությունը, կշարունակվի ամբողջ ծավալով: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին նախագծի իրականացման մրցույթի հաղթողների անունները հրապարակելիս, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:

Նավահանգստի շինարարությունն իրականացնելու է վրաց-ամերիկյան «Անակլիայի զարգացման կոնսորցիումը», որը հաղթել է մրցույթում, որին մասնակցել է ևս 12 միջազգային ընկերություն:

Կոնսորցիումի կազմում են «ՏՎՍ- Հոլդինգը» և ամերիկյան ներդրումային Conti International հոլդինգը: Նախագծմանը և շինարարությանը կմասնակցի ծովային նավահանգիստների կառուցմամբ և դիզայնով զբաղվող Moffatt & Nichol ընկերությունը և հոլանդական խորհրդատվական Maritime & Transport Business Solutions-ը, հայտնում է Euronews-ը: Անակլիա նավահանգստի ընդհանուր արժեքը գնահատվում է $2,5 մլրդ: Նավահանգստի վերջնական թողունակությունը կհասնի 100 մլն տոննայի, ընդ որում նավահանգիստը կսկսի աշխատել արդեն 7 մլն տոննա թողունակության հասնելու դեպքում: Այս ցուցանիշին նավահանգիստը կկարողանա հասնել շահագործումից 3 տարի անց: Անակլիա նավահանգստի տարածքը նախատեսվող ինդուտսրիալ գոտիով կզբաղեցնի 400 հա:

Ըստ Վրաստանի վարչապետի հայտարարության, նոր խորանիստ նավահանգիստը կնպաստի Մետաքսի ճանապարհի նախագծի իրականացմանը, որը կապելու է Չինաստանն ու Հարավարևելյան ու Կենտրոնական Ասիայի երկրները Եվրոպայի հետ` շրջանցելով Ռուսաստանը: Նախատեսվում է նաև, որ նոր նավահանգստի շինարարությունը կնպաստի տարածաշրջանային հաղորդակցությունների և առևտրի զարգացմանը: Վրաց փորձագետները ևս մեծ ակնկալիքներ ունեն նոր նավահանգստից և անվանում են այն «Դարի նախագիծ»:

Դեռ Միխայիլ Սահակաշվիլիի օրոք քննարկվում է այդ նույն տարածքում Լազիկա նավահանգստային մեգապոլիսի կառուցման նախագիծը: 2013-ից սկսվեցին Անակալիա նավահանգստի նախագծի քննարկումները: Վրացական գործող նավահանգիստների` Բաթումի և Փոթիի թողունակությունը թույլ չի տալիս մեծ տարողության նավեր ընդունել, ինչը զգալիորեն սահմանափակում է Վրաստանի տարանցիկ երկիր լինելու ներուժը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---