Տուսկ. Վրաստանը կատարել է ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացմանն ուղղված բոլոր պարտավորությունները

Տուսկ. Վրաստանը կատարել է ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացմանն ուղղված բոլոր պարտավորությունները

PanARMENIAN.Net - Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ Թբիլիսիի գործադրած ջանքերը հերթական անգամ Բրյուսելի բարձր գնահատականին են արժանանում: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ փետրվարի 9-ին Բրյուսելում կայացած բանակցությունների ավարտին այս մասին հայտարարել է Եվրամիության ղեկավար մարմնի՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

«Թույլ տվեք Ինձ շնորհավորել Վրաստանի ներկայացուցիչներին այն լուրջ բարեփոխումների առթիվ, որոնք իրականացվել են ձեր երկրի կողմից վիզային ռեժիմի ազատականացման ճանապարհին: Վրաստանը կատարել է այն բոլոր պարտավորությունները, որ ստանձնել էր վիզային ռեժիմի ազատականացման նպատակով հաստատված գործողությունների ծրագրի շրջանակում: Այժմ արդեն Եվրամիության խորհուրդն ու Եվրոպական խորհրդարանը պետք է հաջողությամբ ավարտին հասցնեն այս ողջ գործընթացը», - հայտարարում էր Տուսկը հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Եթե Բրյուսելի և Թբիլիսիի միջև կնքված այս համաձայնագրի վերջնական վավերացման ճանապարհին որևէ անակնկալ չարձանագրվի, ապա Վրաստանի քաղաքացիներն արդեն 2016-ի ամռանը հնարավորություն կստանան երեք ամիս ժամկետով Շենգենյան համաձայնագրին մաս կազմած եվրոպական պետություններ մեկնել առանց մուտքի արտոնագրերի:

Վրաստանի վարչապետի համոզմամբ, այս քայլը, մարդկանց կյանքն ավելի դյուրին դարձնելուց բացի, նաև լուրջ քաղաքական ազդակ կհանդիսանա թե՛ Վրաստանի, և թե՛ Եվրամիության հետ համագործակցող հետխորհրդային մյուս պետությունների համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---