Լեհաստանը մտադիր է միանալ ԻՊ-ի դեմ պայքարին

Լեհաստանը մտադիր է միանալ ԻՊ-ի դեմ պայքարին

PanARMENIAN.Net - Լեհաստանը մտադիր է միանալ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին։ Այս մասին հայտնել է երկրիպաշտպանական գերատեսչության ղեկավար Անտոնի Մաչերևիչը:

Պաշտոնյան նման հայտարարությամբ է հանդես եկել Բրյուսելում Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության ղեկավար Էշթոն Քաթչերի հետ հանդիպումից հետո, Vz.ru-ին հղումով գրում է Tert.am-ը:

«Լեհաստանը կմիանա այն գործողություններին, որոնք այժմ այդքան մեծ կարևորություն են ներկայացնում ՆԱՏՕ-ի հարավային սահմանին»,- ասել է նախարարը` հավելելով, որ լեհական մասնակցության մանրամասները դեռևս քննարկման փուլում են:

Մաչերևիչը նաև ասել է, որ իսլամիստների դեմ պայքարի շրջանակում Լեհաստանը կզբաղվի հետախուզությամբ ու զինվորների ուսուցմամբ։

«Իսլամական պետության» էքսպանսիան աշխարհի գլխավոր հիմնախնդիրներից մեկը դարձավ 2014-ին: Ըստ ԿՀՎ տվյալների, խմբավորումը մոտ 30 հազար գրոհային ունի:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---