Արթուր Աբրահամը Ռամիրեսի հետ մենամարտի մասին. Դա կլինի իմ կարիերայի մեծագույն հաղթանակը

Արթուր Աբրահամը Ռամիրեսի հետ մենամարտի մասին. Դա կլինի իմ կարիերայի մեծագույն հաղթանակը

PanARMENIAN.Net - Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, Գերմանիան ներկայացնող Արթուր Աբրահամը մեկնաբանել է մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսի դեմ կայանալիք մենամարտը: «Սա երազանքի իրականացում է: Ես Հոլիվուդում մենամարտել եմ Էդիսոն Միրանադայի հետ, Դետրոյթում` Անդրե Դիրելի, Կարսոնում` Անդրե Ուորդի դեմ: Բայց այն ժամանակ մեծ իրադարձության զգացողություն չունեի»,-ասել է նա, հայտնում է Tert. am-ը:

«Չեմ կարծում, թե իմ համար հեշտ կլինի, քանի որ Խիլբերտո Ռամիրեսը Մեքսիկայի երիտասարդ ու խոստումնալից բռնցքամարտիկներից մեկն է, մի երկրի, որն այս մարզաձևում լավ ավանդույթներ ունի: Նա ցանկանում է պատմության մեջ մտնել, որպես առաջին մեքսիկացին, ով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել:

Բայց ես լինելով հայ, ով բնակվում և մենամարտում է Գերմանիայում, երկու պատճառ ունեմ հաղթելու. հպարտություն և պատիվ: Այդ մենամարտին կմոտենամ հետևյալ մտքերով. «Ավելի լավ է մեռնել ոտքի վրա, քան ապրել ծնկի եկած»: Դա կլինի իմ կարիերայի մեծագույն հաղթանակը»,- Աբրահամի խոսքերն է մեջբերում fighthype.com-ը:

WBO վարկածով աշխարհի չեմպիոն 35-ամյա Արթուր Աբրահամի (44-4, 29 KO) և 24-ամյա Խիլբերտո Ռամիրեսի (33-0, 24 KO) միջև մենամարտը ապրիլի 9-ին կկայանա Պակյաո – Բրեդլի մրցամարտի շոուի շրջանակում, և կանցկացվի Լաս Վեգասի (ԱՄՆ, Նևադա նահանգ) «MGM Grand Garden Arena» մարզահամալիրում:

Օրերս հայտնի դարձավ, որ Արթուր Աբրահամը կրկին ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ: Այս տիտղոսին հայ բռնցքամարտիկն արժանանում է արդեն 7-րդ անգամ: 2015-ի դեկտեմբերին Արթուր Աբրահամին է շնորհվել «Բեռլինի չեմպիոն-2015» մրցանակը:

«Արթուր արքան» պաշտպանել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ 2015-ի հուլիսի 18-ին հաղթանակ տանելով գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ:

Աբրահամն IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոս է ունեցել 2005-2009-ին։ Բազմաթիվ անգամ ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---