Էրդողանը զգուշացրել է Սիրիայում ակտիվ գործողություններ սկսելու հավանականության մասին

Էրդողանը զգուշացրել է Սիրիայում ակտիվ գործողություններ սկսելու հավանականության մասին

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացրել է, որ Անկարայի համբերությունը կարող է սպառվել և նա ակտիվ գործողություններ կսկսի Սիրիայում: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:

«Մենք համբերատար կլինենք մինչև վերջին պահը, իսկ հետո անհրաժեշտ միջոցներ կձեռնարկենք: Փախստականների նոր ալիքի քանակը կարող է հասնել 600 հազարի, եթե ավիահարվածները չդադարեն»,-հայտարարել է Էրդողանը գործարարների հետ հանդիպմանը:

Թուրքիայի նախագահին հատկապես զայրացրել են մարտերը սիրիական Հալեպում և ՄԱԿ «կեղծավորությունը»: Նա ասել է, թե ՄԱԿ-ը պետք է ազդի Ռուսաստանի, ինչպես նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա` այդ երկրում ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով, հայտնում է Լենտա.ռու-ն:

«Փախստականների հոսքի գլխավոր պատճառը Ռուսաստանի գրոհներն ու Ասադի ռեժիմի հարձակումներն են խաղաղ բնակչության վրա: ՄԱԿ-ը այդ հարձակումների համար պատասխանատուների նկատմամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն մեզ է կոչ անում բացել դռները փախստականների առջև:»,-ասել է Էրդողանը:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնել էր, որ Թուրքիայի սահմանների մոտ 15 հազար փախստական է կուտակվել: Մարտական գործողությունների հետևանքով Հալեպի գավառում մոտ 50 հազար մարդ ստիպված է եղել հեռանալ տներից, հայտնել է Կարմի խաչի միջազգային կոմիտեն:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

2011-ի մարտին Սիրիայում հակամարտության մեկնարկից մինչ օրս զոհվել է 260 հազար մարդ, 4,6 մլն. մարդ հարկադրված է եղել լքել Սիրիան` դառնալով փախստական, երկրի ներսում 13,5 մլն մարդու շտապ հումանիտար օգնություն է անհրաժեշտ:

Փետրվարի 9-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Մոսկվան Սիրիայում հրադադարի սխեմա է առաջարկել ԱՄՆ-ին: Նա նշել է, որ չի կարող բացահայտել կոնկրետ մանրամասները, սակայն այդ պլանը չի ենթադրում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի անհապաղ պաշտոնանկություն, որի կողմնակիցներն են ԱՄՆ-ն և նրա տարածաշրջանային դաշնակիցները:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---