1 մարտի 2016 - 15:51 AMT
Մոսկվան ու Վաշինգտոնը չեն հրապարակի Սիրիայի հրադադարի խախտման դեպքերը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է Սիրիայի հարցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ նոր պայմանավորվածությունների մասին, այդ թվում` հրադադարի խախտման դեպքերը չհրապարակելու և դրանք վերացնելու ուղղությամբ համատեղ աշխատելու մասին: Այդ մասին ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում է ՌԲԿ-ն` Reuters-ի վրա հղումով:

Քերին մասնավորապես ասել է, որ խոսել է Լավրովի հետ և նրանք պայմանավորվել են «հրապարակավ չվիճել» այս կամ այն հակամարտող կողմից հրադադարի ենթադրյալ խախտումների մասին ստացվող հաղորդագրությունների վերաբերյալ:

Պետդեպի ղեկավարը նշել է, որ բոլոր ստացվող տեղեկությունները մանրակրկիտ կերպով ուսումնասիրվելու են: «Մենք հետևելու ենք յուրաքանչյուր խախտմանն ու աշխատելու ենք ավելի մանրակրկիտ, գտնելու համար մի մոդել, որը կօգնի մեզ երաշխավորել, որ ռազմական գործողություններն ուղղված են բացառապես «Ջեբհաթ ան Նուսրայի» և «Իսլամական պետության» դեմ»,-ասել է Քերին:

Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին: Ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններին: Դրանք չեն տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների վրա:

Հրադադարն ուժի մեջ մտնելու նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն ևս մեկ անգամ զգուշացրեց, որ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը կասեցնելու մասին խոսք լինել չի կարող: «Այն խմբավորումները, որոնք չեն հայտարարի հրադադարը պահապնելու պատրաստակամության մասին, բնականաբար, չեն լինի հրադադարի ազդեցության տակ»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նույն դիրքորոշումը հաջորդ օրը հայտնեց նաև ՌԴ նախագահ Պուտինը: