Ընդդիմադիր Zaman-ը գովաբանել է էրդողանին թերթի խմբագրությունը ցրելուց 1 օր անց

Ընդդիմադիր    Zaman-ը գովաբանել է էրդողանին թերթի խմբագրությունը ցրելուց 1 օր անց

PanARMENIAN.Net - Մարտի 6-ին լույս է տեսել թուրքական Zaman թերթի առաջին համարը պետական կառավարչի նշանակումից, նախկին խմբագրությունը ցրելուց և թերթի փակման դեմ ցույցերը ճնշելուց հետո:

Պարբերականին հատուկ քննադատական ոճի փոխարեն, նոր համարի առաջին էջում նյութ է հրապարակված կամուրջ կառուցելու կառավարության նախագծի մասին, որը կապելու է Ստամբուլի եվրոպական և ասիական մասերը, ինչպես նաև Էրդողանի լուսանկարը, որը տարեց կնոջ ձեռք է սեղնում, հայտնում է RFI-ն:

Թերթի նոր համարում նյութ կա Թուրքիայի հարավ-արևելքում քուրդ գրոհայինների հետ բախումներում զոհված «նահատակների» մասին:

Մարտի 5-ին Ստամբուլում ոստիկանությունն արցունքաբեր գազի, ջրցան մեքենաների և ռետինե փամփուշտների օգնությամբ ցրել է Zaman-ին աջակցող ցույցը, որը հավաքվել էր խմբագրության առջև այն բանից հետո, երբ Ստամբուլի դատարանը որոշում կայացրեց արտաքին կառավարում սահմանել թերթի համար: Թերթը մեղադրվում է ԱՄՆ-ում բնակվող և Էրդողանի հակառակորդը համարվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի փողերը լվանալու մեջ:

Լրագրողները համարում են, որ արտաքին կառավարման արդյունքում թերթը կփակվի: Zaman-ը Թուրքիայում մնացած սակավաթիվ ընդդիմադիր պարբերականներից մեկն էր:

Մինչդեռ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ahaber-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունը ոչ մի դերակատարում չի ունեցել թերթի հոգաբարձուների նշանակման հարցում: «Կառավարությունը կապ չունի դրա հետ: Կատարվել է դատարանի կայացրած որոշումը: Դա զուտ իրավաբանական գործընթաց է: Ոչ ոք չպետք է կասկածներ ունենա Թուրքիայում խոսքի ազատությանն առնչվող հարցերում»,-ասել է Դավութօղլուն, գրում է ՌԻԱ Նովոստին:

Zaman-ը բացվել է 1986-ին: Թուրքիայից բացի, այն տարածվում է նաև մի քանի խոշոր երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում և Գերմանիայում: Պարբերականը ամենաազդեցիկներից է Թուրքիայում: Ավելի վաղ Թուրքիայում փակվեցին Kanaltürk և Bugün TV հեռուստաալիքները, Bugün Gazetesi և Millet Gazetesi թերթերը, Kanaltürk Radyo ռադիոկայանը, որոնք վերահսկվում էին Գյուլենի կողմից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---