ԱՄՆ-ն մտադիր է ընդլայնել ռազմական ներկայությունը Եվրոպայում

ԱՄՆ-ն մտադիր է ընդլայնել ռազմական ներկայությունը Եվրոպայում

PanARMENIAN.Net - Պենտագոնը մտադիր է ևս մի քանի զինվորական բրիգադ տեղակայել Եվրոպայի տարածքում, հայտնել է ԱՄՆ ԶՈւ Military Times թերթը:

Ըստ պարբերականի, այդ գաղափարին կողմ է Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը: Նա զգուշացրել է, որ «ՌԴ դեմ պաշտպանական դաշինքի հզորացման սուր անհրաժեշտություն կա»: Եթե Վաշինգտոնը հավանություն տա այս ծրագրին, ապա Եվրոպա կգործուղվի մի քանի հազար զինծառայող` մեկ բրիգադի կազմում միջինը 3-5 հազար զինծառայող կա: Այսպիսով, «վերջին մի քանի տասնամյակում առաջին անգամ ՆԱՏՕ-ն կընդլայնի ներկայությունը Եվրոպայում»: Բրիդլավը քննարկել է գործողությունները ՆԱՏՕ-ի հրամանատարների հետ:

Ըստ պարբերականի, Բրիդլավը մտահոգված է ԱՄՆ ցամաքային զորքերի քանակով Եվրոպայում` 2 բրիգադ: Սակայն փորձագետները նշում են, որ զրահատանկային բրիգադներին ԱՄՆ-ից ՆԱՏՕ-ի արևելյան սահմաններին հասցնելու համար շատ ժամանակ կպահանջվի` մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս:

Աղբյուրը հավելել է, որ «ցանկացած որոշում զորքերի տեղաշարժի մասին լուրջ արգելքների է բախվում»: Օրինակ, «Եվրոպայում դա հարկավոր է համաձայնեցնել դաշնակիցների և ընդունող երկրի հետ», գրել է թերթը: «ԱՄՆ համար կարևոր հարցերից է այդ ուժերի տեղակայման վայրը: Պենտագոնը 2 տարբերակ է դիտարկում. Կամ, ինչպես սովորաբար, Գերմանիայում կայազորի տարածքում, կամ որքան հնարավոր է մոտ ՌԴ սահմանին` Լեհաստանում կամ Բալթիայի երկրներում»,-հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Բրիդլավը հայտարարել էր, թե Մոսկվան փաստացի ուժեղացրել է անկայունությունը տարածաշրջանում` զենք ծախելով Ադրբեջանին և զինվորական ներկայությունը պահպանելով Հայաստանում: Այդպիսի քաղաքականությունն այսօր, գուցե, ամենամեծ խոչընդոտն է Կովկասում խաղաղության հաստատման համար: «Իրականում, բռնությունը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին շատ է սաստկացել վերջին երկու տարում, իսկ 2015-ն ամենամահաբերն էր 1994 թ. հրադադարը կնքելուց ի վեր»,-ասել է Բրիդլավը` ելույթ ունենալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեում:

Եվրոպայում մոտ 65 հազար ԱՄՆ զինծառայող է տեղակայված: 1980-ականներին նրանց քանակը մոտ 200 հազար էր: Մինչև 2012-ը ԱՄՆ-ն 4 զինվորական բրիգադ ուներ Եվրոպայում, սակայն, հետագայում, տնտեսական նկատառումներով, 2 բրիգադ վերադարձավ ԱՄՆ` Եվրոպան թողնելով առանց զրահատանկային միավորումների: ԱՄՆ ռազմական ոլորտի փորձագետները խորհուրդ են տալիս Պենտագոնին գոնե մեկ զրահատանկային բրիգադը վերադարձնել Եվրոպա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---