Ռուսաստանում կբացվի «Հայաստան. լինելիության լեգենդներ» խորագրով ցուցահանդեսը

Ռուսաստանում կբացվի «Հայաստան. լինելիության լեգենդներ» խորագրով ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Մարտի 10-ին Ռուսաստանի պատմության թանգարանում կբացվի «Հայաստան. լինելիության լեգենդներ» խորագրով քաղաքակրթական ցուցահանդեսը: Առաջին անգամ ռուս հանրությանը կներկայացվեն հայաստանյան առաջատար թանգարանների եզակի ցուցանմուշներ: Կներկայացվի ավելի քան 160 ցուցանմուշ` Հայաստանի պատմության թանգարանից, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի թանգարաններից և Մատենադարանից:

Ինչպես հայտնում է «Կուլտուրա» հեռուստաալիքի կայքը, ցուցահանդեսի մոնտաժը մոտենում է ավարտին: Այս փուլում Մատենադարանի մասնագետները Ռուսաստանի պատմության թանգարանի աշխատակիցներին են հանձնում Մատենադարանի 25 արժեքավոր ցուցանմուշ: Հիմնականում դրանք հին ձեռագրեր են, որոնք ստեղծվել են հազարամյակների ընթացքում, իսկ ամենահին նմուշը թվագրվում է VII դարով: Հայաստանի պատմության թանգարանից բերված նմուշներն արդեն զբաղեցրել են իրենց տեղերը: Ամենաարժեքավորը մ.թ.ա XXII դարի արծաթե գավաթն է:

Աշխարհում այդպիսիք եզակի են, այն զարդարված է մի քանի շարք պատկերներով, որտեղ ներկայացված է թագավորի կյանքը, որի անունը հայտնի չէ: Սյուժեները դասական են` որս, պատերազմ, խրախճանք, զոհաբերություն: «Սա եզակի և շատ ինֆորմատիվ իր է: Նույնիսկ ըստ պատկերված զենքի քանակի կարելի է տիպերի դասակարգում անցկացնել, քանի որ պատկերները շատ հստակ են»,-ասել է ՌԴ Պատմության թանգարանի հնագիտական հուշարձանների բաժնի վարիչ Ալեքսանդր Մոշինսկին:

Հայաստանի պատմության թանգարանից Մոսկվայում կցուցադրվեն կուռքերի արձանիկներ, մ.թ.ա II դարի Աֆրոդիտե աստվածուհու մարմարե արձանը: Վահանը, սաղավարտը ներսից և դրսից զարդարված են Ուրարտուի թագավորներին հատուկ պատկերներով և գրություններով:

Ցուցադրության հայեցակարգին համապատասխան հրատարակվել է նաև ցուցահանդեսի պատկերագիրքը, որտեղ ներկայացված է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը, իսկ առանձին բաժնով` Հայոց ցեղասպանության թեման:

«Հայաստան. լինելիության լեգենդներ» խորագրով ցուցահանդեսը կբացեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին՝ երկու երկրների nախագահների մասնակցությամբ:

Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 13-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---