ՌԴ-ից մատակարարվող գազի սակագինն անփոփոխ կմնա մինչև 2016-ի մարտի 31-ը

ՌԴ-ից մատակարարվող  գազի սակագինն   անփոփոխ կմնա մինչև  2016-ի մարտի 31-ը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնությունից մատակարարվող բնական գազի սակագինը Հայաստանի Հանրապետության համար 2016-ի հունվարի 1-ից սկսած մինչև 2016-ի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի համար պահպանվում է 2015-ի՝ $165-ի չափով: Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ Կառավարությունը մարտի 10-ի նիստում:

Ընդհանուր առմամբ, հավանության է արժանացվել ՀՀ և ՌԴ միջև ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013-ի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին երկու հարցի:

Մասնավորապես, առաջին նախագծով ձեռք բերված համաձայնությամբ՝ բնական գազի գինը ՀՀ համար 2016-ի հունվարի 1-ից սկսած մինչև 2016-ի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի համար անփոփոխ է մնալու, գրում է Panorama.am-ը:

Ըստ հիմնավորման՝ այս արձանագրության ստորագրումը կնպաստի երկու երկրի միջև փոխշահավետ գործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացման շարունակմանը:

Երկրորդ որոշմամբ՝ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությամբ նախատեսվում է 2016-ի առաջին եռամսյակում առաջացող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի լրացուցիչ ամբողջ եկամուտը թողնել ընկերությանը՝ ՀՀ դրամի ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկումից առաջացած վնասների փակման և «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության կողմից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ակտիվներում ներդրումների հետ գնման ապահովման նպատակով:

«Կողմերը պարտավորվում են ոչ ուշ քան մինչև 2016-ի նոյեմբերի 1-ը մշակել և հաստատել դրամական հոսքերի հաշվարկի մոդելները՝ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հիմնական գործունեությունից՝ գազամատակարարման համակարգում և ընկերության հիմնական գործունեությունից՝ էլեկտրամատակարարման համակարգում»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Հունվարի 18-ին հայ գործարարները վարչապետին առաջարկել են դիմել ՌԴ-ին՝ նվազեցնելու գազի սակագինը: Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2015-ի սեպտեմբերին առաջարկել է ԵՏՄ երկրներին ռազմավարական ապրանքներով առևտրում օգտագործել ռուբլի` մասնավորապես, խոսքը հումքի և վառելիքի մասին է: Աբրահամյանը նաև մանրամասնել է, որ առաջարկն առաջին հերթին վերաբերել է էներգակիրներին, որպեսզի դրանց դիմաց Հայաստանը վճարի ռուբլով. դոլար-դրամ-ռուբլի տատանումներն առաջին հերթին ազդում են ՀՀ բնակչության վրա:

«Այդ գործընթացն այդքան արագ չի լուծվելու, բայց կարևոր է այն, որ մենք հարց ենք ընդգրկել օրակարգում և կքննարկենք», - ասել էր վարչապետը:

Սպառողների համար գազը թանկացավ 2013-ի հուլիսից, երբ ռուսական «Գազպրոմը» թանկացրեց Հայաստան առաքվող գազը: Սակայն, նույնիսկ այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Պուտինի 2013-ի դեկտեմբերի սկզբին կայացած այցից հետո Հայաստան առաքվող գազի գինը մեկ խմ-ի համար 270 դոլարից էժանացավ մինչև 180 դոլար, շարքային սպառողներին բաժին հասած մեկ խմ-ի դիմաց 156 դրամ սակագինը չփոխվեց: Ավելի ուշ ՀԾԿՀ-ն երկարացրեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գազամատակարարման արտոնագիրը մինչև 2017-ի հունվարի 1-ը։ Որոշումն ուժի մեջ է մտել 2015-ի հունվարի 1-ին։

Ռուբլու փոխարժեքի նվազումը դոլարի համեմատ 2014-ին հանգեցրեց գազի սակագնի բարձրացման վտանգի: Լուծումը Հայաստանի համար գազի գնի նվազեցումն էր 24 դոլարով` մինչև $165 1000 խմ դիմաց: Սպառողների վրա, սակայն սակագնի նվազումը չի անդրադառձել, նրանք վճարում են նախկին սակագնով` 156 հազար դրամ կամ $321 ընթացիկ փոխարժեքով:

Կարդացեք նաև՝ Նախարար. ՌԴ-ից գազի սակագնի նվազեցման նախադրյալներ կան

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---