Թուրքական Zaman-ի աշխատակիցը հայտնել է թերթի 30 տարվա արխիվի ոչնչացման մասին

Թուրքական Zaman-ի աշխատակիցը հայտնել է թերթի 30 տարվա արխիվի ոչնչացման մասին

PanARMENIAN.Net - Թուրքական Zaman թերթի հոգաբարձուները, որոնց նշանակել է դատարանը, ոչնչացրել են թերթի 30 տարվա վաղեմության էլեկտրոնային արխիվը` ներառյալ բազմաթիվ հրապարակումներն իշխանության վերնախավի կոռուպցիայի և իշխանությունների կողմից սիրիացի ջիհադականներին աջակցելու մասին: Այս մասին հայտնել է թերթի աշխատակիցներից մեկը:

Ավելի վաղ թերթի գլխավոր խմբագիր Սևգի Աքարչեշմեն հայտարարել էր, որ թերթի կայքից հեռացվել են բոլոր հոդվածները`այդ քայլը համեմատելով Օրուելի «1984» վեպում նկարագրված մթնոլորտի հետ:

«Ստամբուլի գլխավոր գրասենյակում են տեղակայվել թերթի հոգաբարձուները, որոնք ղեկավարում են թերթի թողարկումը: Այդ նպատակով նրանք ներգրավել են կառավարամետ տրամադրված լրագրողների Sabah-ից: Հոգաբարձուների կարգադրությամբ ոչնչացվել է թերթի ամբողջ էլեկտրոնային արխիվը` սկսած 1986 թ., այդ թվում բազմաթիվ նյութեր իշխանության վերնախավի կոռուպցիայի և Թուրքիայի իշխանությունների կողմից Սիրիայում գործող ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու մասին: Թերթում այժմ չեզոք հոդվածներ են հրապարակվում, կառավարության քննադատություն չի թույլատրվում: Ազատվել է դեռևս միայն գլխավոր խմբագիրը, սակայն մենք ակնկալում ենք, որ լրագրողները ևս զանգվածաբար կազատվեն աշխատանքից»,-ասել է ՌԻԱ Նովոստիի գործակալության զրուցակիցը:

Մարտի 6-ին լույս էր տեսել թուրքական Zaman թերթի առաջին համարը պետական կառավարչի նշանակումից, նախկին խմբագրությունը ցրելուց և թերթի փակման դեմ ցույցերը ճնշելուց հետո:

Մարտի 5-ին Ստամբուլում ոստիկանությունն արցունքաբեր գազի, ջրցան մեքենաների և ռետինե փամփուշտների օգնությամբ ցրել է Zaman-ին աջակցող ցույցը, որը հավաքվել էր խմբագրության առջև այն բանից հետո, երբ Ստամբուլի դատարանը որոշում կայացրեց արտաքին կառավարում սահմանել թերթի համար: Թերթը մեղադրվում է ԱՄՆ-ում բնակվող և Էրդողանի հակառակորդը համարվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի փողերը լվանալու մեջ:

Մինչդեռ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ahaber-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Թուրքիայի կառավարությունը ոչ մի դերակատարում չի ունեցել թերթի հոգաբարձուների նշանակման հարցում: «Կառավարությունը կապ չունի դրա հետ: Կատարվել է դատարանի կայացրած որոշումը: Դա զուտ իրավաբանական գործընթաց է»,-ասել էր նա:

Zaman-ը բացվել է 1986-ին: Թուրքիայից բացի, այն տարածվում է նաև մի քանի խոշոր երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում և Գերմանիայում: Պարբերականը ամենաազդեցիկներից է Թուրքիայում: Ավելի վաղ Թուրքիայում փակվեցին Kanaltürk և Bugün TV հեռուստաալիքները, Bugün Gazetesi և Millet Gazetesi թերթերը, Kanaltürk Radyo ռադիոկայանը, որոնք վերահսկվում էին Գյուլենի կողմից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---