ՀԽ-ն՝ ցորենի ալյուրի պարտադիր հարստացման մասին. Գիտական փորձաքննություն է պետք

ՀԽ-ն՝ ցորենի ալյուրի պարտադիր հարստացման մասին. Գիտական փորձաքննություն է պետք

PanARMENIAN.Net - Ցորենի ալյուրի պարտադիր հարստացման հարցի վերաբերյալ Հանրային խորհուրդը բազմաթիվ քննարկումներ է անցկացրել ինչպես շահագրգիռ կողմերի և մասնագետների հետ, այնպես էլ ՀԽ փոքր խորհրդի նիստերի ընթացքում:

Հաշվի առնելով, որ հարցի լուծման հիմնական բաղկացուցիչ մասն է կազմում գիտական կողմը, Հանրային խորհուրդը դիմել է նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, որպեսզի ակադեմիայի գիտական կենտրոններում ևս հարցը քննարկվի և ներկայացվի դիրքորոշում, տեղեկացնում է ՀԽ լրատվական ծառայությունը:

Հանրային քննարկումներից և բազմաթիվ կարծիքներ լսելուց հետո հարցի վերաբերյալ ձևավորվել է ՀԽ ընդհանուր եզրակացությունը.

1. Նպատակահարմար և հիմնավորված չէ ծրագրի իրականացման մեթոդը, որով բնակչության թիրախային խմբի առողջական խնդիրն առաջարկվում է լուծել ամբողջ բնակչության ներգրավման միջոցով: Մինչդեռ բնակչության որոշակի շերտի համար դա կարող է վնասակար լինել, քանի որ կան իրար հակասող գիտական հետազոտություններ և կարծիքներ: Ամբողջ ծավալով հետազոտված չեն նաև տարածաշրջանի տեղային առանձնահատկությունները:

2. Չկա որեւէ լուրջ հետազոտություն չափաբաժնի վերաբերյալ, ըստ որի տվյալ չափաբաժինը արդյունավետ կլինի հասարակության այն շերտի համար, որը դրա կարիքն ունի, բայց միաժամանակ չի վնասի մյուսներին: Անհասկանալի է, թե ինչպես պետք է որոշվի չափաբաժինը, երբ կա բնակչության մի շերտ, որը գրեթե հաց չի օգտագործում (դիետիկ կամ այլ նպատակներով), իսկ բնակչության մի շերտի համար էլ հացը հիմնական սնունդն է:

Անորոշ են նաև չափաբաժնի վերահսկման մեխանիզմները:

3. ՀՀ առողջապահության նախարարությունը փորձում է իրականացնել ծրագիրը` շատ անգամ առաջ մղելով այն միտքը, որ սա մասնագիտական հարց է, և հասարակությունն ունակ չէ ընկալելու, մինչդեռ հայտնի է, որ աշխարհի տարբեր երկրներում այս հարցի վերաբերյալ կան հստակ տարակարծություններ: Վերջիվերջո, եթե անգամ ծրագիրն օգտակար է ու ճիշտ, ապա նպատակահարմար չէ այն իրականացնել բնակչության մեծ մասի կողմից բացասական կարծիքի պայմաններում: Անհրաժեշտ է նախ հասարակությանը հիմնավոր փաստարկներով համոզել, որ ծրագիրն արդյունավետ է ու վտանգներ չի պարունակում, ապա նոր իրականացնել այն:

Հաշվի առնելով այս մտահոգությունները` Հանրային խորհուրդը գտնում է, որ նպատակահարմար է.

ա) ծրագրի իրականացումը հետաձգել, մինչև լուրջ գիտական փորձաքննություններ ու հետազոտություններ անցկացվեն:

բ) այնուամենայնիվ բուժիչ նպատակներով արտադրել որոշ քանակությամբ հարստացված ալյուրով հացամթերք` փաթեթավորման մեջ հատուկ պիտակի առկայությամբ, և համապատասխան բացատրական աշխատանք կատարել, որպեսզի թիրախային խմբերի կողմից այն կիրառվի:

Հայաստանի կառավարությունը 2014 թ. նոյեմբերին հաստատել է «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նախագծով կարգավորվում է մարդու օրգանիզմում առանձին միկրոտարրերի և վիտամինների բացակայության կամ դրանց ոչ բավարար քանակի առկայության պատճառով առողջության անցանկալի ազդեցություններից զերծ պահելու նպատակով ցորենի ալյուրի հարստացման և հարստացված ալյուրի ու դրանից պատրաստված արտադրանքի շրջանառության հետ կապված հարաբերությունները:

ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը հայտարարել էր, որ «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրինագիծը կարող է նպաստել հանրապետությունում սակավարյունության դեպքերի թվի 10–15 տոկոսանոց նվազմանը։

Առողջապահության տեղեկատվական–վերլուծական կենտրոնի տվյալներով` 2013թ.–ի վերջի դրությամբ հանրապետությունում մեծահասակ բնակչության շրջանում գրանցվել է սակավարյունության 7026 դեպք, 8148 դեպք` մինչև 14 տարեկան երեխաների շրջանում և 897 դեպք` 15–17 տարեկան դեռահասների շրջանում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---