ԶԼՄ-ներ. «Գազպրոմը», հավանաբար, ստիպված կլինի երկարաձգել զեղչը ՀՀ համար և $50 մլն կկորցնի

ԶԼՄ-ներ. «Գազպրոմը», հավանաբար, ստիպված կլինի երկարաձգել զեղչը ՀՀ համար և $50 մլն կկորցնի

PanARMENIAN.Net - «Գազպրոմի» վերադարձն Անդրկովկաս, որը հնարավոր է դարձել վերջին 10 տարում առաջին անգամ Ադրբեջանում գազի արդյունահանման նվազման պատճառով, դեռ խնդրահարույց է: Ընկերությունը չկարողացավ լրացուցիչ առաքումների մասին պայմանավորվել Վրաստանի հետ, իսկ այժմ, հավանաբար, ստիպված կլինի երկարացնել Հայաստանի համար գազի գնի զեղչը: «Գազպրոմի» համար դա տարեկան $50 մլն շահույթի կորուստ է, սակայն, հակառակ դեպքում, Ռուսաստանի համար կբարդանար քաղաքական իրավիճակը տարածաշրջանում, գրում է «Կոմերսանտ» թերթը:

Ռուսաստանից մատակարարվող բնական գազի սակագինը Հայաստանի համար 2016-ի հունվարի 1-ից սկսած մինչև 2016-ի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի համար պահպանվում է 2015-ի՝ $165-ի չափով: Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ Կառավարությունը մարտի 10-ի նիստում: Երկրորդ որոշմամբ՝ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությամբ նախատեսվում է 2016-ի առաջին եռամսյակում առաջացող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի լրացուցիչ ամբողջ եկամուտը թողնել ընկերությանը՝ ՀՀ դրամի ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկումից առաջացած վնասների փակման և «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության կողմից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ակտիվներում ներդրումների հետ գնման ապահովման նպատակով: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ հայ սպառողի համար սակագները չեն փոխվի, այդպիսով, «Գազպրոմն., ըստ էության, ապահովել է իր դուստր ձեռնարկության շահութաբերությունը սեփական արտահանման եկամուտների նվազեցման հաշվին:

Սակայն 2016-ից գազի գինը Հայաստանի համար պետք է նախկին մակարդակին վերադառնար և երկրի իշխանությունները դեռ աշնանը նոր զեղչ խնդրեցին: Մարտի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բանակցել է Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ պետք է քննարկվեր նաև այդ հարցը:

«Գազպրոմում» և ՌԴ էներգետիկայի նախարարությունում չեն ցանկացել մանրամասնել արդյոք ռուսական կողմը համաձայն է զեղչի: Ըստ աղբյուրներից մեկի` դա կախված է նախագահների բանակցությունների արդյունքից, սակայն, «զեղչի տրամադրման հավանականությունը բավականին մեծ է»: «Այլ տարբերակ է սակագների բարձրացումը Հայաստանում, սակայն դա շատ ցավոտ հարց է»,-ասել է աղբյուրը` հավելելով, որ պարզ չէ, թե ինչպես կլուծվի հարցը երկարաժամկետ հեռանկարում, քանի որ դեպի ՀՀ «Գազպրոմի» առաքումների շահութաբերությունն առանց այդ էլ ցածր է տրանսպորտային ծախսերի պատճառով: Հայաստանը տարեկան մոտ 2 մլրդ խմ գազ է սպառում և եթե զեղչն անընդհատ գործի, «Գազպրոմը» կկորցնի մոտ $48 մլն:

Հայաստանը «Գազպրոմի» համար ամենամեծ ու հուսալի շուկան է Անդրկովկասում այն բանից հետո, երբ 2006-ին Ադրբեջանը հրաժարվեց ռուսական գազից «Շախ Դենիզ» հանքավայրի շահագործման պատճառով: Շուտով ադրբեջանական գազը, այդ թվում քաղաքական պատճառներով, գրեթե դուրս մղեց ռուսականը Վրաստանից: 2015-ին «Գազպրոմը» փորձեց փոխել իրավիճակը, օգտվելով Ադրբեջանում արդյունահանման ծավալների նվազումից: «Գազպրոմը» պայմանավորվեց ադրբեջանական քիմիական AzMeCo-ին տարեկան 2 մլրդ խմ գազ առաքելու մասին և պատրաստակամություն հայտնեց նույն ծավալ ապահովել SOCAR-ի համար: Սակայն իրականում առաքումները AzMeCo գրեթե միանգամից կասեցվեցին, քանի որ ընկերությունը չկարողացավ գնել գազ իր արտադրանքի գների անկման պատճառով: «Գազպրոմը» փորձում է պայմանավորվել լրացուցիչ առաքումների մասին Վրաստանի հետ, որին չի բավարարում ադրբեջանական գազի քանակը: Սակայն, իրականում Թբիլիսին տարեկան լրացուցիչ 500 մլն խմ գազ կստանա SOCAR-ից:

Մինչդեռ, դեռ պարզ չէ, թե SOCAR-ը որտեղից է վերցնելու այդ 500 մլն խմ Ադրբեջանում գազի արդյունահանման կրճատման ֆոնին: «Դա մեծ ծավալ չէ, բայց այն պետք է ինչ-որ տեղից հայթայթել»,-ասել է Վիտալի Կրյուկովը Small Letter-ից: Ըստ նրա, առաջիկա տարիներին «Գազպրոմը» կկարողանա ավելացնել առաքումներն Անդրկովկաս, քանի որ գազի պակասուրդն Ադրբեջանում կտևի մինչև 2019 թ., երբ նախատեսվում է գործարկել «Շախ Դենիզ»-2-ը: Սակայն, ըստ վերլուծաբանի, Հայաստանի համար զեղչը հարկավոր է ոչ այնքան շուկան պահելու, այլ քաղաքական պատճառներով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---