8  11.03.16 - ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի մամուլի ասուլիսը

Նախարարը՝ ավագ դպրոցի բեռնաթափման, մագիստրական կրթության որակի բարձրացման, ներառական կրթության մասին

Նախարարը՝ ավագ դպրոցի բեռնաթափման,  մագիստրական կրթության որակի բարձրացման, ներառական կրթության մասին

PanARMENIAN.Net - Հայաստանում կրթական ոլորտի կարևորագույն խնդիրներն են ավագ դպրոցների բեռնաթափումը և մագիստրական կրթության որակի բարելավումն ու կապն աշխատանքային շուկայի հետ: Այս մասին մարտի 11-ին ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը։

Նա ընդգծել է, որ աշխարհում գոյություն ունի միջազգային կրթական չափորոշիչ, բայց ոչ միջազգային կրթություն և այդ համընդհանուր համակարգի մեջ յուրաքանչյուր երկիր կառուցում է իր տեսակի կրթությունը:

«Կա ամերիկյան, ռուսական, ֆրանսիական, գերմանական կրթություն: Մենք պետք է կարողնանք ներդնել կրթության մեջ հայկական տեսակը ու սրանք վերամբարձ խոսքեր չեն: Մենք կրթական շղթայի մեջ ունենք երկու օղակ, որոնք չեն կարողանում ինքնահաստատվել: Դրանցից մեկն ավագ դպրոցն է: Այն պետք է լինի այն տեղը, որտեղ երեխան, ավարտելով հիմնական դպրոցը, կարողանա նախնական մասնագիտություն ձեռք բերել»,- ասել է նախարարը՝ նշելով, որ այն ծանրաբեռնվածությունը, որ այսօր կա ավագ դպրոցում, չի թույլ տալիս, որ այն կատարի իր առաքելությունը:

Հարցին, թե ինչպես է պետք լուծել խնդիրը, Մկրտչյանը պատասխանել է, որ կազմակերպվելու են քննարկումներ՝ մասնագիտական և հասարակական, գրում է Tert.am-ը:

«Ավագ դպրոցները պետք է այնպես բեռնաթափենք, որ դրանք վերածենք գերազանցության կենտրոնների, որոնք կօգնեն երեխաներին կյանք մտնել: Հենց այդ ծանրաբեռնվածության պատճառով է, որ ծնողները չեն ցանկանում, որ երեխաները սովորեն ավագ դպրոցում: Փորձում են այդ տարիներին իրենց երեխաներին կենտրոնացնել մի քանի առարկաների վրա: Բայց ամբողջ աշխարհը այսօր առաջնորդվում է 12-ամյա կրթությամբ, և այս հարցի շուրջ բոլոր քննարկումները կավարտվեն, բովանդակային խնդիրների լուծման դեպքում»,- պարզաբանել է նախարարը:

Մյուս կարևորագույն խնդիրը, Մկրտչյանի խոսքով, մագիստրական կրթությունն է, որը որակական առումով ոչ մի բանով չի տարբերվում բակալավրի տված կրթությունից։ Ըստ նրա՝ մագիստրական կրթությունը բովանդակային առումով չի կարողանում ուսանողին կապել աշխատաշուկային:

«Մեր երկրում օրենքն ասում է, որ բակալավրիատը բացարձակ բարձրագույն կրթություն է, դա նշանակում է, որ ուսանողը մագիստրատուրա գնալով, պետք է ստանա նոր որակ, ձեռք բերի նոր գիտելիքներ: Շատ անգամ մագիստրատուրայում ծախսում ենք ավելորդ երկու տարի, որովհետև չենք տալիս որակ, որը հասու չէ բակալավրին: Երկրորդ խնդիրն այն է, որ այն ուղիղ կապ չունի աշխատաշուկայի հետ»,- ասել է նա՝ տեղեկացնելով, որ այս հարցի շուրջ ևս քննարկումներ են սպասվում:

Խոսելով ներառական կրթության մասին, նախարարը նշել է, որ կարևոր է, թե գաղափարն ընդունելի լինի հասարակության կողմից:

«Ներառական կրթության մեջ ներառված են 25 ուսումնական հաստատություն: Մենք հանրակրթության մեջ շատ մեծ խնդիրներ ունենք, և դրանց ամբողջությունը ենթադրում է, որ չենք կարող բարդություն չունենալ ներառական կրթության մեջ: Այս իմաստով՝ դրական տեղաշարժեր կան: Շատ դպրոցներ, ծնողներ, որոնք սվիններով էին ընդունում այս գաղափարը, փոխվել են»,- ասել է նա:

Մկրտչյանը տեղեկացրել է, որ խոսքը աշակերտների 0.5 տոկոսի մասին է և խնդիրը շատ նրբություններ է պահանջում և դրա ուղղությամբ պետք է աշխատել հանգիստ՝ պահելով համաչափությունը:

Մկրտչյանը տեղեկացրել է, որ գիտության հետ կապված խնդիրներին դեռ չի հասցրել խորությամբ ծանոթանալ, այդ պատճառով չցանկացավ անդրադառնալ:

Լևոն Մկրտչյանը 2016-ի փետրվարի 24-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար: Նախագահի մեկ այլ հրամանագրով կրթության և գիտության նախարարի պաշտոնից ազատվել է իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։Մկրտչյանի նշանակումը տեղի է ունեցել ՀՀկ-ՀՅԴ գործակցության շրջանակում:

Կարդացեք նաև՝ ՀՀ-ում երեխաներին նվիրված գլոբալ ֆորում կանցկացվի

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---