Թուրքիայի օդուժը քուրդ զինյալների 18 թիրախ է խոցել Իրաքի հյուսիսում

Թուրքիայի օդուժը քուրդ զինյալների 18 թիրախ է խոցել Իրաքի հյուսիսում

PanARMENIAN.Net - Թուրքիայի ՌՕՈւ կործանիչները մարտի 14-ին 30 ավիահարված են հասցրել այդ երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 18 թիրախի Իրաքի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը:

Ավիագործողությունն անցկացվել է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:

Մարտի 13-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է գնացել 37 մարդ, ևս 125-ը վիրավորվել է: Պայթյունը որոտացել է քաղաքի կենտրոնում, տրանսպորտային աշխույժ հանգույցում, արդարադատության և ներքին գործերի նախարարություններից ոչ հեռու: Ականատեսների վկայությամբ, պայթել է տարածքում տեղակայված ավտոմեքենան:Թուրք պաշտոնյաներն ի դեմս Անկարայի քաղաքապետի պայթյունի համար մեղադրել են Քրդստանի աշխատավորական կուսակցությանը:

«Թուրքիայի օդուժը հարվածներ է հասցրել ահաբեկիչների նոր թիրախներին հյուսիսային Իրաքի Գարա և Քանդիլ շրջաններում: Օդային գործողությանը մասնակցել է F-16 9 ինքնաթիռ և 2 F-4, որոնք ոչնչացրել են ՔԱԿ 18 թիրախ: Հասցվել է 30 կետային հարված»,-ասվում է Գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ոչնչացվել են զինամթերքի պահեստներ, ՔԱԿ բունկերներ ու ապաստարաններ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ահաբեկչությունից հետո Էրդողանը հայտարարեց, որ «Թուրքիան իրավունք ունի պաշտպանվելու և որ կարող է գործողություններ ծավալվել երկրի սահմաններից դուրս:

Թուրքիայի ռազմական ավիացիան բազմիցս է հարվածներ հասցրել քուրդ ապստամբների դիրքերին Իրաքի հյուսիսում այն բանից հետո, երբ նախորդ տարվա հուլիսին Թուրքիայի հարավ-արևելքում վերսկսվեց զինված հակամարտությունը ՔԱԿ հետ: Փետրվարի 17-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից 2 ժամ անց Թուրքիան ավիացիոն գործողություն է իրականացրել Հյուսիսային Իրաքի Հաֆթանին շրջանում, որը տևել է մեկ ժամ: «Գրոհի թիրախում էր 60-70 անդամ ունեցող խումբը, այդ թվում ՔԱԿ անդամներ»,-ասվում էր գլխավոր շտաբի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---