Քրդստանի ազգային կոնգրեսի ներկայացուցիչը ժխտել է ՔԱԿ առնչությունն Անկարայի ահաբեկչությանը

Քրդստանի ազգային կոնգրեսի ներկայացուցիչը ժխտել է ՔԱԿ առնչությունն Անկարայի ահաբեկչությանը

PanARMENIAN.Net - Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) ոչ մի առնչություն չունի Անկարայում տեղի ունեցած պայթյունի հետ, քանի որ «դա նրա ձեռագիրը չէ», սակայն Թուրքիան կարող է օգտվել առիթից հարևան երկրներում իրավիճակին միջամտելու համար: Այսպիսի հայտարարություն է արել Մոսկվայում Քրդստանի ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Սելահադդին Սորոն:

«Դա հաստատ ՔԱԿ-ը չէ, դա նրա ձեռագիր չէ: ՔԱԿ-ը պատահական մարդկանց դեմ զանգվածային ահաբեկչություններ չի գործում, պայքարում է միայն նրանց հետ, ով հալածում է հասարակ ժողովրդին»,-ասել է Սորոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նրա ենթադրությամբ, Անկարայի ահաբեկչությունը կարող է կազմակերպած լինել փոքր ահաբեկչական խմբավորումներից մեկը: «Թուրքիան անընդհատ միջամտում է Կովկասի, Մերձավոր Արևելքի գործերին: Նրա իշխանությունները կապված են ահաբեկչական կազմակերպությունների, այդ թվում ԻՊ հետ: Նրանք բոլորն այցելում են Թուրքիա: Պարզամիտ կլինի կարծել, որ նրանք կանեն միայն այն, ինչ հարկավոր է Թուրքիայի իշխանություններին: Ահաբեկիչներին կառավարելը դժվար է»,-ասել է Սորոն:

Նա խոստովանել է նաև, որ «կան փոքր քրդական ահաբեկչական խմբավորումներ, որոնք կապված չեն ՔԱԿ հետ: Առաջինը, ինչ հայտարարեց Էրդողանը ահաբեկչությունից հետո, այն էր, որ «Թուրքիան իրավունք ունի պաշտպանվելու և որ կարող է գործողություններ ծավալվել երկրի սահմաններից դուրս»,-ասել է Քրդստանի Ազգային կոնգրեսի ներկայացուցիչը:

«Այսինքն դեռ հայտնի չէ, թե ով է դա արել, չկան մանրամասներ, իսկ Էրդողանն արդեն այդպիսի հայտարարություններ է անում: Դա պատահական չէ` հավանաբար, կա հարևան երկրներում ինչ-ինչ գործողությունների պլան»,-ասել է Սորոն:

Մարտի 13-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է գնացել 34 մարդ, ևս 125-ը վիրավորվել է: Պայթյունը որոտացել է քաղաքի կենտրոնում, տրանսպորտային աշխույժ հանգույցում, արդարադատության և ներքին գործերի նախարարություններից ոչ հեռու: Ականատեսների վկայությամբ, պայթել է տարածքում տեղակայված ավտոմեքենան:

Թուրք պաշտոնյաներն ի դեմս Անկարայի քաղաքապետի պայթյունի համար մեղադրել են Քրդստանի աշխատավորական կուսակցությանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---