Սիրիայում ՌԴ մոտ 1000 զինծառայող կմնա

Սիրիայում ՌԴ մոտ 1000 զինծառայող կմնա

PanARMENIAN.Net - Ռուս ռազմական խորհրդականներն ու մասնագետները շարունակում են աշխատանքը Սիրիայում` գործնական ռազմական և ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերելով սիրիական բանակին: Այդ մասին «Ինտերֆաքսին» է հայտնել ռազմական և դիվանագիտական աղբյուրը:

«Անկասկած, խորհրդականների մեծ մասը կշարունակի աշխատանքը նաև ռուսական զորակազմի մեծ մասը դուրս բերելուց հետո»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Նա նշել է, որ այդպիսիք կան Սիրիայի կառավարական զորքերի բոլոր կառույցներում, որոնք այժմ հարձակողական գործողություններ են իրականացնում ահաբեկչական խմբավորումների դեմ:

Ըստ աղբյուրի, մինչև վերջերս Սիրիայում գրոհայինների ոչնչացմանն ուղղված մարտական խդնիրների 70%-ը իրականացնում էր ՌԴ օդուժը: «Այսօր արդեն հիմնական ծանրությունն ընկնում է ցամաքային գործողություններ կատարող զորքերի վրա, ուստի, խորհրդականների դերը բարձրանում է»,-ասել է նա:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին հիշեցրել է, որ «երկու օբյեկտ` Հմեյմիմն ու Տարտուսը մնում են և չեն կարող առանց անձնակազմ գործել»:

Մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին մարտի 15-ից սկսել դուրս բերել Սիրիայից ռուսական ռազմական խմբավորման հիմնական մասը: Միաժամանակ ՌԴ նախագահը հանձնարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ակտիվացնել ՌԴ մասնակցությունը Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացի կազմակերպմանը: Զորքերը դուրս բերելու մասին Մոսկվայի որոշումը համաձայնեցված է Դամասկոսի հետ և հնարավոր դարձավ, քանի որ ռուսական զորամիավորումն արդեն կատարել է իր առջև դրած սկզբունքային խնդիրները: Այդ մասին Պուտինն ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հեռախոսազրույցում:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---