Մարտի 17-19-ը հովտային հատվածներում ցրտահարություն է սպասվում

Մարտի 17-19-ը հովտային հատվածներում ցրտահարություն է սպասվում

PanARMENIAN.Net - Մարտի 15-ի ցերեկը օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում նվազել է 10-13 աստիճանով, 8-10 աստիճանով նվազելու է նաև առաջիկա գիշերը: Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը մամուլի ասուլիսում անդրադարձել են եղանակի կտրուկ փոփոխությանը, մասնավորապես ջերմաստիճանի կտրուկ նվազմանը, հայտնում է Tert.am-ը:

Գագիկ Սուրենյանն ասել է, որ հովտային շրջաններում մարտի լույս 16-ի գիշերը գրանցվել է արդեն բացասական ջերմաստիճան՝ մինուս 1-ից մինչև մինուս 2 աստիճան, իսկ Երևանում եղել է 0-+ 1 աստիճան:

Նա նշել է, որ հանրապետության մի շարք շրջաններում տեղացել է ձյուն և Գորիսում ձյան ծածկը հասնում է 24 սմ, Սիսիանում՝ 16 սմ, Քաջարանում՝ 7 սմ: «Այսօր առկա ամպամածությունն առաջիկա գիշերը զգալիորեն կնոսրանա: Ճիշտ է եղանակի լիարժեք պարզեցում հովտային գոտիներում չի կանխատեսվում, բայց համեմատության մեջ կիսով չափ կնոսրանա, ինչը կբերի լրացուցիչ ջերմաստիճանի անկման: Նման պայմաններում այսօր գիշերը Տավուշի հովտային հատվածներում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովտային հատվածներում արդեն ակնկալվում է օդում 0-ից մինչև 2 աստիճան ցուրտ: Այսօր Տավուշի հովտային հատվածներում, Սյունիքի հատվածներում, Արարատյան դաշտում օդում 0-2 աստիճան ցուրտ է ակնկալվում»,- ասաց նա:

Գագիկ Սուրենյանը նշել է, որ մարտի 18-ի գիշերը օդի ջերմաստիճանի նվազումը կշարունակվի, այս գիշեր արդեն նշված տարածքներում օդում ակնկալվում է 2- 4 աստիճան ցուրտ, որը կպահպանվի 19-ի գիշերը: «Այսինքն՝ երեք օր անընդհատ ՝17-19-ին, հանրապետության հովտային հատվածներում ակնկալվում է ցրտահարություն»,- ասել է նա և նշել` թե որքանով ինտենսիվ կլինի այն, ամբողջությամբ կախված է ամպամածության պատկերից: «Եթե մարտի 17 լույս 18-ի գիշերը Արարատյան դաշտում նկատվի եղանակի լիարժեք պարզեցում, ներկայացված պատկերը կարող է շատ ավելի խիստ լինել, այսինքն՝ օդի ջերմաստիճանը հնարավոր է լինի շատ ավելի ցածր, քան այս պահին ներկայացված ցուցանիշներն են»,- ասաց նա։

Նա հայտնել է նաև, որ մարտի 20-ին հաջորդ ցիկլոնն է մոտենում. կսկսվեն տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում կտեղա ձյուն, որը կուղեկցվի բքով, տեսանելիության անկմամբ, ճանապարհները կպատվեն մերկասառույցով: «Մարտի 21-ին կրկին կանխատեսվում է եղանակի պարզեցում և չի բացառվում, որ հովտային շրջաններում ցրտահարությունը կրկնվի»,- ասել է նա:

Փոխնախարարն ասել է, որ այն, ինչ կանխատեսվում է, անակնկալ չէ: Նա նշել է, որ Արարատյան դաշտի առանձին հատվածներում ծաղկումը նույնիսկ ավարտին է մոտենում , բայց կան այգետարածքներ, որտեղ բողբոջները նոր են բացվում: «Կան հնարավոր միջոցներ, տարբերակներ, որոնք կարելի է կիրառել և հնարավորինս նվազեցնել ցրտահարության վտանգները։ Մեր այգեգործները պետք է պատրաստ լինեն, մենք նախազգուշացրել էինք, որ պատրաստեն ծխակույտեր և բացասական ջերմաստիճանի դեպքում օգտագործեն դրանք»:

Նա նշել է, որ մարտի 18-ի և մարտի 19-ի գիշերային ժամերին միանշանակ պետք է դիմել այդ միջոցներին, իսկ որտեղ կա ոռոգման հնարավորություն, ապա այգիները պետք է ոռոգել:

Նա նշել է, որ կա իրական հնարավորություն ցածր ջերմաստիճանի դեպքում պաշտպանվածություն իրականացնել։

Գառնիկ Պետրոսյանը անցած տարիների փորձից ելնելով խորհուրդ է տվել ճիշտ կատարել ծխակույտերի ծխեցումը, քանի որ շատ հաճախ ցրտահարության նախօրյակին՝ երեկոյան ժամերին, երբ դեռևս դրական ջերմաստիճան է և որևէ վտանգ չկա, սկսում են ծխեցումը։ «Այդ ծխակույտերը պետք է ծխեցնել, երբ ջերմաստիճանը մոտենում է 0 աստիճանին: Երբեք չպետք է թույլ տալ, որ կրակը բոցավառվի, քանի որ դա արդյունք չի տա»,-ասել է նա և նշել, որ այդ կույտերը պետք է ծածկել թաց նյութերով կամ հողով:

Նա հավելել է,, որ շատ լավ կլինի, որ դա համախմբված արվի ու շեշտել, որ պետք է տասնյակ ծխակույտեր պատրաստել: «Մենք հույս ունենք, որ դեղձենին, կամ կորիզավոր մյուս պտուղները շատ չեն տուժի։ Արդյունաբերական նշանակություն ունեցող պտղատեսակներից հիմնականում ամենախոցելին ծիրանենին է»,- ասել նա և կոչ արել ուշադիր լինել սինթետիկ թաղանթների տակ մշակվող բանջարաբոստանային մշակաբույսերի, բանջարեղենի սածիլների պահպանությունը ապահովելու հարցում և նշել, որ կա իրական հնարավորություն հարյուր տոկոսանոց արդյունք ապահովելու. պարզապես պետք է կրկնակի ծածկոց օգտագործել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---