Ցրտահարություն՝ Զվարթնոցի, Փարաքարի, Մերձավանի տարածքում

Ցրտահարություն՝ Զվարթնոցի, Փարաքարի, Մերձավանի տարածքում

PanARMENIAN.Net - Կառավարության մարտի 17-ի նիստում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անդրադառնալով որոշ մարզերում ցրտահարության թեմային, ասել է, որ հիդրոմետ ծառայության տվյալների համաձայն՝ լույս 17-ի գիշերը սպասվում էր ցրտահարություն:

«Այս գիշեր հիմնականում բացասական ջերմաստիճան գրանցվեց Զվարթնոցի և նրա հարակից մի քանի համայնքներում: Գրանցվեց 5-7 աստիճան ցուրտ: Այսօրվա վիճակով կարող ենք ասել, որ հիմնական ցրտահարությունը եղել է Զվարթնոցի, Փարաքարի, Մերձավանի տարածքներում: Սա չի կարելի ամբողջացնել, քանի որ համայնքներ կան, որտեղ տարբեր ջերմաստիճաններ են գրանցվել. Մի տեղ ջուրը սառել է գետնի վրա, իսկ տեղեր կան, որտեղ ընդհանրապես բացասական ջերմաստիճան չի գրանցվել»,- տեղեկացրել է Կարապետյանը:

Նրա խոսքով՝ մարտի 17-ին նորից ցուրտ հոսանքների ներխուժում է սպասվում:

«Այսօր և վաղը սպասվում է ավելի ցածր ջերմային ռեժիմ: Դրա համար արդեն չորս օր է խորհրդատվություն ենք անցկացնում և գյուղացիական տնտեսություններին հորդորում ենք անպայման ծխապատում իրականացնել»,-ասել է գյուղատնտեսության նախարարը՝ հավելելով, որ դեռ հնարավորություն չունեն գնահատելու կորուստները, գրում է Tert.am-ը:

Նախարարն ասել է նաև, թե բարձրադիր գոտիներում՝ Թալինի, Բաղրամյանի տարածաշրջաններում, Վայոց ձորի բարձրադիր գոտիներում, Կոտայքի մարզի բարձրադիր գոտիներում դեռևս ծիրանենիները դեռևս ծաղկալկալած չեն, այնտեղ ընդհանրապես ցրտահարություն լինել չի կարող:

Միաժամանակ, ըստ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության տվյալների, լույս 17-ի գիշերը հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում՝ Արարատյան դաշտում գրանցվել են ցրտահարություններ: Օդի նվազագույն ջերմաստիճանը լուսադեմին ունեցել է հետևյալ ցուցանիշները, Արմավիրում -2, Մերձավանում -5, Արտաշատում -2, Արարատում -0,5, Ուրցաձորում -3, Աշտարակում -3, Երևանում -2…-4, Արենիում -1, Բագրատաշենում -2, Իջևանում -2 աստիճան ցուրտ, հայտնել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նրա ներկայացմամբ, բացառություն են կազմել Սյունիքի հովիտները որտեղ խիտ ամպամածության արդյունքում բացասական ջերմաստիճան չի գրանցվել, Կապանում օդի ջերմաստիճանը եղել է +1, Մեղրիում +2 աստիճան տաք, գրում է Panorama.am-ը:

Մարտի 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության տարածքին մոտենում է հզոր անտիցիկլոն, անտիցիկլոնի պայմաններում ակնկալվում է եղանակի լիարժեք պարզեցում, որի արդյունքում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի նվազում ևս 2-4 աստիճանով, Արարատյան դաշտում, Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում օդում սպասվում է -4...-7, հողի մակերևույթին -5...-8 աստիճան ցուրտ: Բացասական ջերմաստիճանը կպահպանվի նաև մարտի 19-ի գիշերը Արարատյան դաշտում, Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում օդում սպասվում է -2...-5, հողի մակերևույթին -3...-6 աստիճան ցուրտ:

Մարտի լույս 15-ի գիշերը ծաղկած ծիրանենիների ցրտահարություն չի արձանագրվել: Այս մասին հայտնել է գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:«Այս գիշեր այնպիսի ջերմաստիճան չի եղել, որ ցրտահարություն լիներ: Մենք մի քանի տեղերից մեր գործընկերների հետ զրուցել ենք, նորմալ է ամեն ինչ»,-ասել է Պետրոսյանը:

Կարդացեք նաև՝ Գյուղնախարարության խորհուրդը. Այգին պատել ծխածածկույթով՝ ցրտահարության դեմ

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---