ԱՄՆ տրամադրած $750.000-ի մի մասը՝ կոռուպցիայի դեմ պայքարում փորձագետների ներգրավմանը

ԱՄՆ տրամադրած $750.000-ի մի մասը՝ կոռուպցիայի դեմ պայքարում փորձագետների ներգրավմանը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը գործադիրի մարտի 17-ի նիստում ներկայացրել է արտաբյուջետային նախահաշիվ ստեղծելու նախագիծը, որը վերաբերում է ԱՄՆ կառավարության կողմից հակակոռուպցիոն խորհրդին հատկացված $750.000-ի օգտագործմանը:

Նրա խոսքերով՝ կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության համար առաջնահերթություն է: Նախորդ երկու ռազմավարության հիման վրա մշակվել է 2015-2018-ի ռազմավարությունը: Ըստ նրա՝ ԱՄՆ կառավարության կողմից հակակոռուպցիոն խորհրդին հատկացված $750.000-ն ուղղվելու է աշխատավարձերի վճարմանը, տեղափոխումների և թարգմանչական ծախսերի կատարմանը:

ԱՄՆ դրամաշնորհից նախատեսվում է 2016-ին ծախսել $605.881-ը, իսկ 2017-ին` $143.229-ը:

Հարությունյանի խոսքով՝ հիմնական խնդիրն է լինելու իրականացնել կոռուպցիոն ռիսկերի վերլուծություն, մշակել մեխանիզմներ և նպաստել այդ ռիսկերի չեզոքացմանը:

«Այդ միջոցներով հնարավորություն է ընձեռվել ներգրավելու միջազգային փորձագետների, ովքեր այլ երկրներում ապացուցել են, որ կարողանում են աջակցել՝ ստեղծելու կոռուպցիայի դեմ պայքարի լայն մեխանիզմներ: Նրանց կարևորագույն խնդիրն է լինելու նաև անկախ փորձագետների դպրոցի ստեղծմանը և մասնագետների պատրաստմանը»,- ասել է Հարությունյանը, գրում է Tert.am-ը:

2015-ի հուլիսին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ կառավարությանը կյանքի կոչելու ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումները: Ծրագրի ընդհանուր արժեքը $750.000 է: Օժանդակությունն ուղղված է փորձագիտական հանձնախմբի ստեղծմանը, 2015-2018-ը հակակոռուպցիոն ռազմավարության գործարկմանը և շահագրգիռ կողմերի համար հասարակայնության հետ կապերի ռազմավարության և իրականացման ծրագրի մշակմանն ու իրականացմանը:

ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշմամբ ստեղծվել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը: Խորհուրդն իրականացնում է հակակոռուպցիոն բարեփոխումների համակարգումն ու դրանց կատարման նկատմամբ հսկողությունը Հայաստանում: Ցանկանում եմ ևս մեկ անգամ կարևորել կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը և համագործակցությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---