Գերմանիան փակել է դիվանագիտական հաստատությունները Թուրքիայում ահաբեկչության վտանգի պատճառով

Գերմանիան փակել է դիվանագիտական հաստատությունները Թուրքիայում ահաբեկչության վտանգի պատճառով

PanARMENIAN.Net - Գերմանիան ժամանակավորապես փակել է Անկարայում իր դեսպանատունը հնարավոր ահաբեկչական հարձակման պատճառով: Բացի այդ դադարեցվել է Ստամբուլում ԳԴՀ գլխավոր հյուպատոսության և Անկարայում գերմանական դպրոցի աշխատանքը, հայտնել է Deutsche Welle-ն Գերմանիայի ԱԳ փոխնախարարի վրա հղումով:

Գերմանիայի ԱԳՆ հայտարարել է, որ դա կանխարգելիչ միջոց է և կապված է պոտենցիալ ահաբեկչական սպառնալիքի հետ: Ավելի վաղ` մարտի 15-ին Անկարայում գերմանական դեսպանատունը զգուշացրել էր Գերմանիայի քաղաքացիներին Թուրքիայում նոր ահաբեկչական գործողությունների հավանականության մասին և խորհուրդ տվել հնարավորության դեպքում վերդառնալ հայրենիք:

Մարտի 13-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է գնացել 34 մարդ, ևս 125-ը վիրավորվել է: Պայթյունը որոտացել է քաղաքի կենտրոնում, տրանսպորտային աշխույժ հանգույցում, արդարադատության և ներքին գործերի նախարարություններից ոչ հեռու: Ականատեսների վկայությամբ, պայթել է տարածքում տեղակայված ավտոմեքենան: Թուրք պաշտոնյաներն ի դեմս Անկարայի քաղաքապետի պայթյունի համար մեղադրել են Քրդստանի աշխատավորական կուսակցությանը:

Անկարայի պայթյունն արդեն 5-րդ խոշոր ահաբեկչկան գործողությունն է Թուրքիայում վերջին ամիսներին, ընդհանուր առմամբ այդ գործողությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է զոհվել: 3 ահաբեկչության համար պատասխանատվությունը ստանձել է «Իսլամական պետությունը», իսկ փետրվարի 18-ի Անկարայի ահաբեկչության համար` «Քրդտսանի ազատության բազեներ» կազմակերպությունը: Բացի այդ, մոտ 270 թուրք զինծառայող ու ոստիկան է զոհվել վերջին ամիսներին երկրի հարավ-արևելքում Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինների հետ բախումներում:

Ընթերցեք նաև. Քրդստանի ազգային կոնգրեսի ներկայացուցիչը ժխտել է ՔԱԿ առնչությունն Անկարայի ահաբեկչությանը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---