«Երևանյան հեռանկարներ-2016». Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբ, Նայջլ Քենեդի, The King's Singers և այլոք

«Երևանյան հեռանկարներ-2016». Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբ, Նայջլ Քենեդի, The King's Singers և այլոք

PanARMENIAN.Net - «Երևանյան հեռանկարներ» միջազգային 16-րդ փառատոնի այս տարվա առաջին համերգը կայանալու է ապրիլին: Այդ մասին տեղեկացրել է փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը, հայտնում է Panorama.am-ը:

«2015-ին մենք իրականացրեցինք «Քեզ հետ, Հայաստան» խորագրով համերգների շարք՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս տարվա առաջին համերգին հրավիրել ենք այդ շարքի մասնակիցներից Էստոնիայի պետական տղամարդկանց երգչախմբին, որն ապրիլի 24-ին հայ հանդիսատեսի համար հանդես կգա վեհաշուք ծրագրով: Նախատեսել ենք, որ համերգը կայանալու է Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում»,- հայտնել է նա:

Ս.Հովհաննիսյանի խոսքով, այս տարի փառատոնի շրջանակում անդրադարձ կլինի նաև փառատոնի 15-ամյա հոբելյանին, քանի որ 2015-ին բոլոր համերգները նվիրված են եղել Հայոց ցեղասպանությանը: Ըստ նրա, հոբելյանական համերգին կմասնակցեն մեկ տասնյակից ավելի երաժիշտներ, օտարերկրյա հյուրեր, մշակութային, քաղաքական, հասարակական գործիչներ՝ անդրադառնալով այս ամբողջ տարիների ընթացքում փառատոնի՝ մշակութային դիվանագիտության և այլ ասպարեզներում ցուցաբերած ծառայություններին:

Փառատոնի շրջանակում Հայաստանում առաջին անգամ ելույթ է ունենալու աշխարհահռչակ ռուս դաշնակահար Միխայիլ Պլետնյովը, անգլիացի ջութակահար Նայջլ Քենեդին, անգլիական The King's Singers վոկալ խումբը, որը, Ս. Հարությունյանի խոսքով, հայտնի է օքսֆորդյան ամենահին ավանդույթներով: Փառատոնի կազմակերպիչներին հաջողվել է Հայաստան հրավիրել աշխարհի լավագույն նվագախմբերից՝ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբին անգլիական Մոնտեվերդի երգչախմբի հետ՝ աշխարհահռչակ դիրիժոր սըր Ջոն Էլիոտ Գարդիների ղեկավարությամբ, լավագույն քառյակներից՝ ավստրիական The Hagen Quartet –ը:

Ս. Հովհաննիսյանի խոսքով, շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել Բյուրականի ակադեմիան, որտեղ վարպեության դասեր են անցկացնելու հանրահայտ երաժիշտներ՝ բարիտոն Վլադիմիր Չերնովը, ալտահար և դիրիժոր Յուրի Բաշմետը, դաշնակահար Բորիս Բերեզովսկին և ուրիշներ:

«Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնն արդեն 15 տարի է Հայաստան է հրավիրում աշխարհահռչակ երաժիշտների, աշխարհի ամենահեղինակավոր բեմերում հանդես եկած նվագախմբերի ու երգչախմբերի: Փառատոնի որդեգրած քաղաքականությունն է՝ հրավիրել միայն լավագույններին, որոնց ներկայությունը ցանկացած երկրում և ցանկացած համերգասրահում արդեն երաժշտական տոն է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---