Թուրքիայի արևելքում կանխվել է մեծ ահաբեկչություն. Հայտնաբերվել է 650 կգ պայթուցիկ

Թուրքիայի արևելքում կանխվել է մեծ ահաբեկչություն. Հայտնաբերվել է 650 կգ պայթուցիկ

PanARMENIAN.Net - Թուրքիայի արևելյան Թունջելի գավառում կանխվել է խոշոր ահաբեկչություն, հայտնել է թուրքական Sabah-ը: Ոստիկանության հատուկ գործողության ընթացքում հայտնաբերվել է 650 կգ պայթուցիկ, որով ականապատվել էր մայրուղու մի հատվածը:

Թերթն իրավապահ մարմինների վրա հղումով գրում է, որ ահաբեկչությունը ծրագրում էր իրականացնել Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, հայտնում է «Թրենդը»:

Օրերս Թուրքիայի ոստիկանությունը հայտնել էր, որ ՔԱԿ-ը մարտի 20-30-ը ծրագրում է մի շարք ահաբեկչություններ իրականացնել երկրի մեծ քաղաքներում:

Մարտի 13-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է գնացել 37 մարդ, ևս 125-ը վիրավորվել է: Պայթյունը որոտացել է քաղաքի կենտրոնում, տրանսպորտային աշխույժ հանգույցում, արդարադատության և ներքին գործերի նախարարություններից ոչ հեռու: Ականատեսների վկայությամբ, պայթել է տարածքում տեղակայված ավտոմեքենան:Թուրք պաշտոնյաներն ի դեմս Անկարայի քաղաքապետի պայթյունի համար մեղադրել են Քրդստանի աշխատավորական կուսակցությանը:

Անկարայի պայթյունն արդեն 5-րդ խոշոր ահաբեկչկան գործողությունն է Թուրքիայում վերջին ամիսներին, ընդհանուր առմամբ այդ գործողությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է զոհվել: 3 ահաբեկչության համար պատասխանատվությունը ստանձել է «Իսլամական պետությունը», իսկ փետրվարի 18-ի Անկարայի ահաբեկչության համար` «Քրդտսանի ազատության բազեներ» կազմակերպությունը: Բացի այդ, մոտ 270 թուրք զինծառայող ու ոստիկան է զոհվել վերջին ամիսներին երկրի հարավ-արևելքում Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինների հետ բախումներում:

Ընթերցեք նաև. Անկարայի ահաբեկչությունից հետո ոստիկանությունը ևս 20 ականապատ մեքենա է որոնում

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---