Բնակարաններ Երևանում՝ ռեժիսոր Փելեշյանին ու թավջութակահար Հախնազարյանին

Բնակարաններ Երևանում՝  ռեժիսոր Փելեշյանին ու թավջութակահար Հախնազարյանին

PanARMENIAN.Net - Երևանի ավագանին մարտի 18-ին գումարված հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քվեարկությամբ հավանություն է տվել ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր-վավերագրող, սցենարիստ, դերասան, ՀԽՍՀ և ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Արտավազդ Փելեշյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարան օտարելու մասին որոշմանը:

Երևանի ավագանին նիստում հավանություն է տվել նաև թավջութակահար, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի ոսկե մեդալակիր, «Մովսես Խորենացի» մեդալակիր Նարեկ Հախնազարյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարան տրամադրելու մասին որոշմանը:

Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938-ի փետրվարի 22 –ին Լենինականում (այժմ` Գյումրի): 1963 1967-ը սովորել է ՎԳԻԿ-ում: Դեռ ուսանողական տարիներին` 1964-ին նա Հայաստանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում նկարահանեց առաջին ֆիլմը` «Լեռնային պարեկը»։

Այնուհետև «Հայֆիլմ» կինոստուդիայում և «Երևան» ստուդիայում նկարահանեց «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբը» (1967), «Երկրաբնակները» (1970), «Մենք» (1969), «Տարվա եղանակները» (1975), «Մեր դարը» (1982), «Վերջ» (1992) ֆիլմերը։ 1978-ին Միխալկով-Կանչալովսկու «Սիբիրիադա» ֆիլմի վավերագրական մասը նույնպես ինքը նկարահանեց: Փելեշյանը 1974-ին հրատարակել է «Տարածական մոնտաժ» գիրքը, որը դասագիրք է դարձել բուհերի ուսանողների համար, իսկ 1988-ին ռուսերենով լույս է տեսել «Իմ կինոն»:

Միջազգային մամուլը և հանրաճանաչ գործիչները նրան համարել են մեր ժամանակների ամենատաղանդավոր կինոռեժիսորներից մեկը` գրելով «Մոնտաժի նոր սկզբունքները Փելեշյանը մշակել է Ֆրեյդի և Պավլովի հոգեբանության և Նիլս Բորի քվանտային մեխանիկայի տեսության տպավորության տակ»:

Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»: 1996-ին Փելեշյանը պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, 2006-ին` «Փարաջանովյան Թալեր»:

Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988 թ.-ն Երևանում: Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան և կարճ ժամանակահատվածում դարձել միջազգային չափանիշի երաժիշտ: «Վաշինգթոն փոսթ» թերթը նրան անվանել է ֆենոմենալ թավջութակահար: Նարեկ Հախնազարյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և ամենուր արժանացել բարձր գնահատանքի: Նա ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում, Բոստոնում, Նյու Յորքում, Ֆլորիդայում, ինչպես նաև Տոկիոյում, Լոնդոնում, Փարիզում, Վիեննայում, Մոսկվայում, Երեւանում եւ աշխարհի այլ մայրաքաղաներում։Այժմ Հախնազարյանը Փասադենայի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---