Ներգնա զբոսաշրջությունը 2015-ին նվազել է 1%-ով՝ ՌԴ-ից այցերի թիվն ընկել է

Ներգնա զբոսաշրջությունը 2015-ին նվազել է 1%-ով՝ ՌԴ-ից այցերի թիվն ընկել է

PanARMENIAN.Net - Դեպի Հայաստան ներգնա զբոսաշրջիկների հոսքերում ըստ աշխարհագրության որոշ փոփոխություններ են գրանցվել։ Մասնավորապես, պակասել է ռուսաստանցի, վրացի, իտալացի ու ֆրանսիացի զբոսաշրջիկների թիվը, ավելացել՝ Իրանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Գերմանիայից, Իսպանիայից, Ավստրալիայից, Իրաքից եկածների թիվը:

Այս մասին Հայաստանում զբոսաշրջության և ավիացիայի զարգացման թեմայով քննարկմանը հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։

«Այսինքն՝ այլ շուկաների համեմատ մենք նույնիսկ ունենք աճ, ինչը նշանակում է, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է, դեպի Հայաստան զբոսաշրջությունը՝ աճում», - ասել է նա, գրում է Tert.am-ը:

Նա նկատել է, որ ենթակառուցվածքների առումով Հայաստանն ունի զգալի հաջողություններ. «Միայն 2015-ին 4 նոր հյուրանոց է բացվել Հայաստանում, որից 2-ը մարզերում` Ջերմուկում և Հաղպատում»։

Ապրեսյանի խոսքով՝ ներգնա զբոսաշրջությունը 2015-ին 2014-ի համեմատ նվազել է 1%-ով, բացարձակ թվով կազմելով 1 միլիոն 192 հազար:

Ըստ Զբոսաշրջության վարչության պետի՝ նվազումը հիմնականում պայմանավորված էր Ռուսաստանից այցելությունների նվազմամբ. այս ուղղությունը Հայաստանի համար եղել է առաջինը՝ իր շուրջ 45 տոկոսով:

Ընդհանրապես ՌԴ-ից 2015-ին, կապված ռուբլու փոխարժեքի նվազման հետ, արտագնա զբոսաշրջությունը ոչ միայն Հայաստան, այլև բոլոր ուղղություններով նվազել է՝ 9 ամսվա տվյալներով` 31 տոկոսով, դեպի Հայաստան` 6 տոկոսով: Կա չնչին նվազում նաև Ֆրանսիայից, Իտալիայից, Վրաստանից եկած զբոսաշրջիկների առումով:

Փոխարենը կա այլ շուկաներից ներգնա տուրիզմի աճ, մասնավորապես՝ Իրանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Գերմանիայից, Իսպանիայից, Ավստրալիայից, Իրաքից:

Տնտեսագետ, տուրիզմի ոլորտի փորձագետ Արտակ Մանուկյանը նկատել է, որ ներկայացված վիճակագրությունից արդեն իսկ կարելի է որոշակի եզրակացություններ անել:

Ըստ նրա` այցելությունների աճին նպաստել է Քիմ Քարդաշյանի այցելությունը Հայաստան:

Նա ասել է, որ պետք է արձանագրվեր դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ , քանի որ նախորդ տարի անցկացվել էին մարքեթինգային լուրջ քայլեր, սակայն գրանցվել է մոտ 1 տոկոս նվազում:

Նա առաջարկել է լուրջ ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ խզվածությունը մեկնող և ժամանող հայերի միջև գնալով փոքրանում է: Այսինքն` Հայաստանը, որքան զբոսաշրջիկ է ընդունում, գրեթե նույնքան էլ արտահանում է:

Վիճակագրական տվյալներով` 2013-ին Հայաստան է ժամանել 1 միլիոն 84188 միջազգային զբոսաշրջիկ` 12,6 տոկոսով ավելի, քան 2012 թվականի նույն ժամանակահատվածում: 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ է այցելել 941.151 զբոսաշրջիկ` 13,6 %-ով ավելի, քան` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: 2000-2013 թվականների ընթացքում Հայաստան այցելած ներգնա զբոսաշրջիկների թիվն ավելացել է ավելի քան 24 անգամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---