ՌԴ-ն մարտի 22-ից կարող է վերսկսել ռազմական ուժի կիրառումը Սիրիայում հրադադարը խախտողների դեմ

ՌԴ-ն մարտի 22-ից կարող է վերսկսել ռազմական ուժի կիրառումը Սիրիայում հրադադարը խախտողների դեմ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը մարտի 22-ից պատրաստ է միակողմանի կարգով վերսկսել ռազմական ուժի կիրառումը Սիրիայում հրադադարը խախտողների դեմ, եթե պատասխան չստանա ԱՄՆ-ից հրադադարի ռեժիմի վերահսկման վերաբերյալ առաջարկներին: Այդ մասին հայտնել է ՌԴ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ կառավարման պետ Սերգեյ Ռուդսկոյը:

«ԱՄՆ կողմից արձագանքի բացակայության դեպքում ՌԴ-ն մարտի 22-ից միակողմանի կարգով կսկսի կիրառել Համաձայնագրով նախատեսված կանոնները: Շեշտում ենք, որ ռազմական ուժ կկիրառվի զինված կազմավորումների կողմից հրադադարի սիստեմատիկ խախտումների մասին հավաստի տվյալների հիման վրա: Հրադադարը պահպանող ստորաբաժանումների, ինչպես նաև խաղաղ և քաղաքացիական բնակչության դեմ ուժ չի կիրառվի»,-ասել է Սերգեյ Ռուդսկոյը:

Ըստ Ռուդսկոյի, ռուսական կողմը մշակել և մարտի 5-ին ԱՄՆ-ին էր ներկայացրել համաձայնագրի փոխզիջումային տարբերակը: Բացի այդ, ռուսական կողմն առաջարկել է առավելագույնս սեղմ ժամկետում փորձագետների խորհրդակցություն հրավիրել համաձայնեցնելու համար փաստաթղթի տեքստը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ռուդսկոյը կարծում է, որ մարտի 18-ին Ամանում տեղի ունեցած ռուս-ամերիկյան խորհրդակցությունները ցույց տվեցին, որ ԱՄՆ-ն պատրաստ չէ առարկայորեն քննարկել Սիրիայում հրադադարի պահպանման ռեժիմի վերաբերյալ առաջարկությունները:

Սիրիայում հրադադարի ռեժիմ է հաստատվել փետրվարի 27-ից:Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին: Ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններին: Այն չի տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների վրա:

Ընթերցեք նաև. Լավրովն ու Քերին քննարկել են հրադադարը Սիրիայում

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---