WSJ. Օբաման հրաժարվել է Էրդողանի հետ անձնական հանդիպումից

WSJ. Օբաման հրաժարվել է Էրդողանի հետ անձնական հանդիպումից

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական հանդիպման մասին առաջարկը` վերջինիս ԱՄՆ կատարելիք այցի շրջանակում, հայտնում է Wall Street Journal-ը:

Էրդողանը հուսով էր տեսնվել ԱՄՆ նախագահի հետ Մերիլենդ նահանգում մզկիթի բացման ժամանակ, որի կառուցումը ֆինանսավորել է Թուրքիան: Սակայն Օբամայի մամուլի ծառայությունում ասել են, որ երկու նախագահների անձնական հանդիպման անհրաժեշտություն չկա, գրում է հոդվածագիրը:

«էրդողանի հետ չհանդիպելու որոշումը վերջինիս Վաշինգտոն կատարելիք այցի ժամանակ պետք չէ ընկալել որպես քամահրանք, քանի որ նախագահները նոյեմբերին հանդիպել եմ Թուրքիայում` G 20-ի գագաթնաժողովում և հեռախոսազրույց են ունեցել փետրվարին»,-մեջբերում է պարբերականը Սպիտակ տան հաղորդագրությունը: 2013-ին Թուրքիայի նախագահի ԱՄՆ վերջին այցի ժամանակ Օբաման անձամբ ընդունեց նրան:

Էրդողանի աշխատակազմում հայտնում են, որ ԱՄՆ նախագահի հետ հանդիպումը չեղարկելու մասին տեղեկություն չունեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Այս պահի դրությամբ մենք նման տեղեկություններ չունենք: Երբ որոշակի ինչ-որ բան լինի, մենք կիրազեկենք մամուլին»,-ասել է Թուրքիայի նախագայի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Ըստ փորձագետների, սա նպաստավոր նշան չէ Թուրքիայի նախագահի համար: «Սպիտակ տունը ցանկանում է ցույց տալ, որ Էրդողանն այլևս ցանկալի հյուր չէ իրենց համար»,-ասել է Ամերիկյան առաջընթացի կենտրոնի ազգային անվտանգության և միջազգային քաղաքականության գծով փոխտնօրեն Մաքս Հոֆմանը: Նա նշել է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա ազդում են Էրդողանի բռնատիրական հակումներն ու նրա կոշտ ու անզիջում դիրքորոշումը քրդերի հարցում:

Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններում լարվածություն առաջացավ ԱՄՆ կողմից սիրիացի քրդերին աջակցելու պատճառով: Վաշինգտոնում վստահ են, որ քրդերն արդյունավետ պայքարում են ԻՊ գրոհայինների դեմ: Թուրքիան իր հերթին քրդերին ահաբեկիչներ է անվանում և հրետակոծում է նրանց դիրքերը: Ընդ որում Վաշինգտոնում նշում են, որ Անկարան շարունակում է կարևոր դաշնակից լինել ՆԱՏՕ-ի գծով, սակայն հորդորում են դադարեցնել քրդական դիրքերի գնդակոծությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---