Սպիտակ տունը կոչ է արել ՔԱԿ զինյալներին դադարեցնել «Թուրքիայի դեմ ուղղված գրոհերը»

Սպիտակ տունը կոչ է արել ՔԱԿ զինյալներին դադարեցնել «Թուրքիայի դեմ ուղղված գրոհերը»

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Սյուզան Ռայսը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում, այդ թվում Քրդստանի աշխատավորական կուսակցության գործողությունները, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Դեսպան Ռայսը քննադատել է ՔԱԿ հարձակումներն ընդդեմ Թուրքիայի և շեշտել է, որ այդ գրոհները պետք է կասեցվեն»,-ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄՆ-ն ու Թուրքիան ՔԱԿ-ը համարում են ահաբեկչական կազմակերպություն:

Բացի այդ, խորհրդականը հաստատել է «ԱՄՆ պարտավորությունները ահաբեկչության դեմ համատեղ պայքարում» և դատապարտել է «Իսլամական պետության» հարձակումները Թուրքիայի դեմ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ռայսը կոչ է արել Թուրքիայի կառավարությանը «սատարել համընդհանուր ժողովրդավարական արժեքներին, որոնք ամրագրված են թուրքական սահմանադրության մեջ»:

Մարտի 27-ին և 28-ին հերթական պայթյուններն են որոտացել Թուրքիայի հարավ-արևելքում, որոնք, ինչպես նախորդներից շատերը, ուղղված էին զինվորականների դեմ: 2 մարդ զոհվել է, 8-ը` վիրավորվել:

Ըստ Թուրքիայի գլխավոր շտաբի տվյալների, դեկտեմբերի կեսից ոչնչացվել է ավելի քան 1000 քուրդ գրոհային, սպանվել է մոտ 300 զինվորական և ոստիկան: Քրդերը պնդում են, որ զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են:

Թուրքիայի արևելյան առավելապես քրդաբնակ շրջանների մոտ 200 հազար բնակիչ հեռացել է տներից վերջին ամիսներին թուրքական բանակի և քուրդ զինյալների միջև բախումների հետևանքով: Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարեց, որ նոր հակաահաբեկչական գործողություն է սկսվում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամների դեմ երկրի հարավ-արևելքի 3 շրջանում:

Ընթերցեք նաև. Պայթյուններ Թուրքիայի հարավ-արևելքում. 2 զոհ, 8 վիրավոր

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---