ԱԱԾ. Նորք-Մարաշի հանցախմբի թիրախում ՀՀ երեք նախագահներին առնչվող օբյեկտներ էին

ԱԱԾ. Նորք-Մարաշի հանցախմբի թիրախում ՀՀ երեք նախագահներին առնչվող օբյեկտներ էին

PanARMENIAN.Net - 2015-ի նոյեմբերի վերջին Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված զինված խմբի գործով նախաքննության ընթացքում պարզվել է, որ զինված խմբի թիրախում եղել են մասնավորապես Հայաստանի նախկին երկու նախագահների և գործող նախագահին առնչվող օբյեկտներ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ, քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը` ներկայացնելով նախաքննության տվյալներ, հայտնում է Panorama.am-ը:

Նա մասնավորապես, ներկայացրել է գործով ձեռք բերված իրեղեն ապացույցներ և հայտարարել, որ խումբը տեսագրել է ՀՀ առաջին նախագահի նստավայրը և դրա մատույցները, ինչպես նաև իրականացրել է ուսումնասիրություն երկրորդ նախագահի գործունեության վերաբերյալ: Ըստ Համբարձումյանի, երկրորդ նախագահի վերաբերյալ տեսանկարահանվել է «Էրեբունի պլազա» հյուրանոցը:

Նաև, ըստ քննչական խմբի ղեկավարի, զինված խումբը փորձել է վերահսկել գործող նախագահի թիկնազորի աշխատանքը:

«Գործող նախագահին Արթուր Վարդանյանը և խմբի անդամները մասնավորապես, հետևել են Գյումրիում սեպտեմբերին տեղի ունեցած Կաթողիկե եկեղեցու բացման արարողությանը և գաղտնի տեսանկարահանել են գործող նախագահի ժամանման արարողությունը: Այդ ժամանակ Արթուր Վարդանյանը եղել է հոգևոր երգչախմբի հագուստով», -հայտարարել է Համբարձումյանը:

Լրագրողը հետաքրքրվել է, թե արդյո՞ք խմբի անդամների թիրախում եղել է գործող նախագահը, Համբարձումյանը բացասական պատասխանել է, որ խմբի առանձին անդամներ նման ծրագրեր փորձել են դնել շրջանառության մեջ, բայց Արթուր Վարդանյանի կողմից դրանք մերժվել են:

«Արվել են գործողություններ կոնկրետ օբյեկտների ուղղությամբ: Խմբի նպատակը եղել է բռնությամբ զինված հեղաշրջում իրականացնելը և թիրախում եղել են կոնկրետ օբյեկտներ, որոնք պատկանել են տարբեր անձանց կամ առնչվել նրանց հետ», -հավելել է ԱԱԾ ներկայացուցիչը:

Նրա ներկայացմամբ, նախաքննության ընթացքում պարզվել են խմբի մոտ հայտնաբերված զենքի, հանդերձանքի ձեռքբերման աղբյուրները, դրանց համար վճարված գումարի չափը և այլն: Ընդհանուր առմամբ խմբի գործունեությունն իրականացնելու համար ստացել է շուրջ 60 հազար ԱՄՆ դոլար: Դրա աղբյուրը հայաստանցի է, որը գործով մեղադրյալ է: Նրա անունը չի հրապարակվել:

2015-ի նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ մարմինների օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ ուներ ՀՀ տարածքում մի շարք ծանր հանցագործություններ կազմակերպել:

Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամ, որոնք ձերբակալվել են:

Ըստ ԱԱԾ մամուլի ծառայության, 1981 թվականին ծնված, 1997 թվականից Իսպանիայում բնակվող և 2015-ի ապրիլից Երևանում ժամանակավոր բնակություն հաստատած՝ ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիկի Վարդանյանը, ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015-ի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր գործակցություն, դրանում հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ 19 քաղաքացու, որից 5-ը՝ Երևանի բնակիչներ, 7-ը՝ Շիրակի մարզի, 3-ը՝ Արմավիրի մարզի, 2-ը՝ Լոռու մարզի, 1-ը՝ Կոտայքի մարզի, 1-ը՝ Գեղարքունիքի մարզի և 1-ը՝ Սյունիքի մարզի բնակիչներ, այդ թվում՝ 4-ը կանայք են և 3-ը՝ Արցախի ազատամարտի մասնակիցներ։

Դեկտեմբերի 19-ին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ(1992-1999) Վահան Գրիգորի Շիրխանյանը: Նա կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր գործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օռենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---