«Արսենալն» ու «Յուվենտուսը» պայքարում են Մխիթարյանին ձեռք բերելու համար (Հարցում)

«Արսենալն» ու «Յուվենտուսը» պայքարում են Մխիթարյանին ձեռք բերելու համար (Հարցում)

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորթմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ձեռքբերումն ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր նպատակն է լինելու Լոնդոնի «Արսենալի» համար:

Այդ մասին է գրում բրիտանական Guardian պարբերականը: «Արսենալը» սկաուտներ է ուղարկել՝ հետևելու Դորթմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանին ու մշտադիտարկում է նրա խաղը՝ վիդեոձայնագրությունների միջոցով», - գրում է պարբերականը:

Լոնդոնյան ակումբը փորձելու է նաև ձեռք բերել ալբանական ծագմամբ շվեյցարացի ֆուտբոլիստ Գրանիտ Ջակային, ով այժմ խաղում է Մյոնխենգլադբլախի «Բորուսիայում»:

Միաժամանակ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան բանակցություններ է վարում Թուրինի «Յուվենտուսի հետ», հայտնում է Gazzetta dello Sport պարբերականը: Ըստ աղբյուրի, Ռայոլան հայտնել է «Յուվեի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչիին, որ Մխիթարյանն ուզում է տեղափոխվել Իտալիա:

«Ծեր սինյորան» փորձում էր ձեռք բերել Մխիթարյանին դեռ 2013 թվականին, սակայն, բարդ բանակցությունների արդյունքում, հայ ֆուտբոլիստը հայտնվեց «Բորուսիայում»: Այժմ նա չի բացառում Թուրին տեղափոխվելը:

2009 թվականին 20-ամյա Մխիթարյանն՝ այն ժամանակ դեռևս Դոնեցկի «Մետալուրգի» խաղացող, հայտարարել էր «Արսենալին» երկրպագելու մասին: «Լոնդոնցիների խաղն ինձ ամենից շատ է դուր գալիս: Կոմբինացիոն, արագ, հարձակողական ֆուտբոլը «ռմբարկուների» այցեքարտն է: Բացի այդ, Վենգերն աշխարհի լավագույն մարզիչներից է, ու ինձ դուր է գալիս, որ նա շարունակում է վստահել երիտասարդներին: Շատ կուզեի ինքս էլ այնտեղ հայտնվել», - ասել էր նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---