The Times. Թուրք սահմանապահները գնդակահարում են սիրիացի փախստականներին

The Times. Թուրք սահմանապահները գնդակահարում են սիրիացի փախստականներին

PanARMENIAN.Net - Թուրք սահմանապահները գնդակահարում են փախստականներին, որոնք փորձում են փրկվել Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմից: Այդ մասին գրել է The Times-ը Մարդու իրավունքների սիրիական դիտարկման կենտրոնի վրա հղումով: Ըստ կազմակերպության, վերջին 4 ամսում սահմանը հատելիս 16 փախստական է սպանվել, այդ թվում`3 երեխա:

«Ազատ սիրիական ոստիկանություն» կազմակերպության սպան, ինչպես նաև Թուրքիայում ապրող սիրիացի մաքսանենգը ասել են, որ զոհերի իրական քանակն ավելի մեծ է:

Ավելի ուշ, երկրի հարավարևելյան սահմանամերձ Շանլիուֆրա շրջանի վարչակազմի ներկայացուցիչը հայտարարել է, որ Տեղեկատվությունն այն մասին, որ թուրք սահմանապահները կրակել են թուրք-սիրիական սահմանը հատող փախստականների ուղղությամբ իրականությանը չի համապատասխանում. «Դա բացարձակ ապատեղեկատվություն է: Թուրք զինվորակաները որևէ պարագայում կրակ չեն բացի փախստականների ուղղությամբ: Թուրքիան ընդունել է շուրջ 2,7 մլն փախստականի: Այս ֆոնի վրա նման մեղադրանքները անբարոյական են»,«Ռիա նովոստի» գործակալությանը հղումով մեջբերում է Panorama.am-ը:

ԵՄ և Թուրքիայի միջև կնքված համաձայնագրով նախատեսվում է, որ Անկարան կընդունի առանց բացառության բոլոր փախստականներին, որոնք կհասնեն Հունաստան` հատելով Թուրքիայի տարածքը: Փոխարենը Թուրքիան առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ կստանա ԵՄ հետ, 6 մլրդ եվրո, ԵՄ հետ ինտեգրման շուրջ բանակցությունների ինտենսիֆիկացում և ֆինանսական օգնություն միգրացիոն ճգնաժամի հաղթահարման համար:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել մարտի 20-ին: ԵՄ-ն սակայն հայտարարել է, որ երկրորդ 3 մլրդ եվրոն կվճարի Անկարային, երբ առաջին 3 մլրդն ծախսվեն: «Երբ այդ միջոցները սպառվեն, իսկ պարտավորությունները կատարվեն, ԵՄ-ն լրացուցիչ ֆինանսավորում կապահովի ևս 3 մլրդ եվրո հատկացնելով մինչև 2018թ. ավարտը»,-ասվում է փաստաթղթում:Թուրքիայի վարչապետը շեշտել է մամուլի ասուլիսում, որ այդ գումարը ԵՄ-ն տալիս է սիրիացի փախստականներին, ոչ թե Թուրքիային:

Ըստ ԵՄ Frontex գործակալության, 2015-ին Եվրամիություն է ժամանել մոտ 1,2 մլն ներգաղթյալ: Այս միգրացիոն ճգնաժամը խոշորագույնն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Միայն Սիրիայից հեռացել է 4,6 մլն մարդ: Փախստականները նավակներով հասնում են Հունաստանի, Իտալիայի կղզիներ, այնուհետև ճանապարհը շարունակում հյուսիս՝ Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---