Ռուս սակրավորները կմասնակցեն Պալմիրայի ականազերծմանը

Ռուս սակրավորները կմասնակցեն Պալմիրայի ականազերծմանը

PanARMENIAN.Net - ՌԴ ԶՈւ Միջազգային ականազերծման կենտրոնի միացյալ ջոկատի առաջին ստորաբաժանումները ժամանել են Սիրիայի Հմեյմիմ ավիաբազա` Պալմիրայի պատմական հատվածի և կենսապահովման օբյեկտների ականազերծման համար: Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մարտի 27-ին սիրիական կառավարական զորքերն ամբողջությամբ ազատագրել են Պալմիրան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից։ Աշխարհազորայիններն ու զինվորականները ցուցադրաբեր հրկիզել են ԻՊ սև դրոշը: Պալմիրան կարևոր ռազմավարական նշանակություն ունի Դամասկոս-Դեր Զոր մայրուղում: Ազատագրելով քաղաքը` սիրիական բանակը կարող է գրոհել Ռաքքան:

«Սիրիա ժամանած ջոկատը կարող է ինքնուրույն գործել և համալրված է ականազերծման և պաշտպանության ամենաարդիական համակարգերով»,-ասվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ, հայտնում է Ինտերֆաքսը:

Մասնավորապես, ռուս սակրավորները զինված են շարժական ինդուկցիոն ԻՄՊ-2Ս ականաորսիչ սարքերով, այլ անհրաժեշտ տեխնիկայով: Բացի այդ ջոկատում կա կինոլոգիական ծառայություն` ական որոնող և հայտնաբերող շներով: Ականազերծման նպատակով կօգտագործվեն նաև արդիական ռոբոտացված «Ուրան-6» համալիրները:

Ըստ Աստվածաշնչի Պալմիրան հիմնել է Սողոմոն արքան Դամասկոսի և Եփրատի միջև գտնվող օազիսում: 3 կմ տարածք զբաղեցնող Պալմիրայի ավերակները, թվագրված III դարով, ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Մինչ պատերազմը այստեղ ապրում էր 35 հազար մարդ, 2013-ին ծայրահեղականների առաջին հարձակումից հետո մոտ 9 հազարը հեռացան քաղաքից:

Ընթերցեք նաև. Ասադը $200 մլրդ է գնահատել Սիրիայի վնասը պատերազմից

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---