ICIJ. Oֆշորներում հայտնաբերել են Ալիևի քողարկված մասնաբաժինները

ICIJ. Oֆշորներում հայտնաբերել են Ալիևի քողարկված մասնաբաժինները

PanARMENIAN.Net - Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի` ICIJ-ի (International Consortium of Investigative Journalists) լրագրողների մոտ են հայտնվել օֆշորների վերաբերյալ մի շարք գաղտնի փաստաթղթեր, որոնցում շոշափվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա բարեկամների անունները, հայտնում է Tert.am-ը:

Լրագրողները պարզել են, որ Ալիևը գրանցված է օֆշորներում` ոսկու հանքավայրերում ու լոնդոնյան անշարժ գույքում իր ունեցած մասնաբաժինները քողարկելու համար: Աղբյուրը մանրամասնում է, որ Ալիևի բարեկամներն օգտագործել են Պանամայում գրանցված հիմնադրամներն ու ընկերությունները` տվյալ բնագավառներում Ադրբեջանի նախագահի ունեցած մասնաբաժինների քողարկման նպատակով:

Հայտնի է, որ լրագրողներն այս բացահայտումներն արել են պանամական Mossack Fonseca փաստաբանական ընկերության գաղտնի փաստաթղթերի շնորհիվ, որոնցից պարզ է դարձել, որ Mossack Fonseca-ն հիմնել է կեղծ ընկերություններ ու կորպորատիվ կառույցներ՝ ակտիվների սեփականատերերին թաքուն պահելու համար, հայտնել է ՌԲԿ-ն:

Նշվում է, որ ադրբեջանցի առաջնորդն արդեն հայտնվել է ICIJ-ի ուշադրության կենտրոնում 3 տարի առաջ։ Ըստ փաստաթղթերի՝ Ալիևն ու նրա կինը` Մեհրիբանը, 2003թ. գնել են Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված Rosamund International Ltd ընկերությունը։ Ուշադրության է արժանի այն փաստը, որ գործարքը կնքելու ժամանակ Ալիևը, ով նշվել է որպես ընկերության տնօրեն ու համասեփականատեր, եղել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, իսկ նույն տարվա հոկտեմբերին` արդեն երկրի նախագահ: Փաստացի Ալիևը խախտել է պատգամավորներին ու նախագահին բիզնեսով զբաղվելն արգելող օրենքը։

Ավելի ուշ` 2008թ., Ալիևի դուստրերը` այդ ժամանակ 19-ամյա Արզուն և 23-ամյա Լեյլան, ձեռք են բերել կրկին Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված Arbor Investments, LaBelleza Holdings Limited և Harvard Management Limited ընկերությունները: Գործարքը կնքվել է Ալիևի` նախագահի պաշտոնը զբաղեցնելուց 2 ամիս անց։ Ըստ ICIJ-ի տեղեկությունների՝ Ադրբեջանի ղեկավարությունն ահռելի ջանքեր է գործադրել տվյալ ընկերությունների գոյության փաստը հանրության համար գաղտնի պահելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---