Վերնիսաժի արդիականացման էսքիզային 4 տարբերակ է ներկայացվել

Վերնիսաժի արդիականացման էսքիզային 4 տարբերակ է ներկայացվել

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը Գլխավոր պողոտայի Վերնիսաժ հատվածի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման և բարեկարգման նախագծի իրագործման նպատակով Երևանի քաղաքապետարանում հանդիպում-քննարկում է անցկացրել տարածքում առևտրային գործունեություն իրականացնող անձանց հետ:

Քննարկմանը մասնակցել են նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն ու «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Սիրեկան Օհանյանը: Հանդիպման ընթացքում ներկայացվել են բարեկարգման ծրագրի էսքիզային 4 տարբերակը:

Մարտի 14-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր գլխավոր ճարտարապետին, ինչպես նաև «Երևաննախագիծ» ՓԲԸ-ին Վերնիսաժի տարածքի վարձակալի հետ քննարկել այդ հատվածի վերակառուցման ծրագիրը:

Ծրագրով նախատեսվում է տարածքի միջնամասում գտնվող, ներկայում չգործող շատրվանների փոխարեն ստեղծել նոր ճեմուղի, որի կողքերով էլ կկազմակերպվի Վերնիսաժը: Տարածքը կկահավորվի նստարաններով: Երկու կողմերից մուտքերն էլ կառանձնանան ջրային ավազաններով: Ամբողջ հատվածը կբարեկարգվի և կկանաչապատվի:

Օհանյանը, ընդգծելով ծրագրի կարևորությունը, նշել է, որ տարածքի բարեկարգումն ու արդիականացումը մայրաքաղաքի համար սպասված ծրագիր է, որի արդյունքում Երևանի կենտրոնում կձևավորվի հանգստի գոտի, որը միաժամանակ կլինի նաև միանգամայն նոր մոտեցումներով բացօթյա ցուցասրահ և առևտրային տարածք:

«Ավելի քան 20 տարի առաջ ինքնաբուխ ձևավորված Վերնիսաժը տարիների ընթացքում մասնակիորեն փոփոխվել է, սակայն այդքանով հանդերձ, այսօր այն մայրաքաղաքի կենտրոնին հարիր չէ: Երևանի քաղաքապետը քաղաքապետարանի ծրագրերում առանձնահատուկ կարևորում է կանաչ տարածքների բարեկարգման ու վերականգնման ծրագրերը: Վերնիսաժի տարածքն, ըստ էության, Նալբանդյան-Հանրապետություն փողոցների միջանկյալ հատվածում գտնվող, արդեն իսկ բարեկարգված խաչքարերի պուրակի շարունակությունն է, որն այսօր, ցավոք, ամենևին էլ այդպիսին չէ:

Երևանի քաղաքապետարանը բազմիցս շեշտել է, որ անելու է հնարավորը՝ մայրաքաղաքի բնակիչներին վերադարձնելու երբեմնի բարեկարգ հանգստի գոտիները: Այս ծրագրի իրականացմամբ միանգամից մի քանի խնդիր է լուծվելու: Առաջին հերթին կստեղծվեն հարմարավետ պայմաններ»,-նշել է Օհանյանը:

Հանդիպման մասնակցիներն իրենց հերթին նույնպես կարևորել են բարեկարգման ծրագիրը և ներկայացված նախագծերի վերաբերյալ արել իրենց դիտարկումներն ու առաջարկները՝ մասնավորապես հետաքրքրվելով, թե շինարարության ընթացքում «Վերնիսաժը» փակվելու՞ է, թե՞ ոչ, և արդյո՞ք արդիականացված տարածքում կապահովվեն բոլորի համար վաճառատեղեր:

Պատասխանելով հարցերին՝ քաղաքապետի տեղակալը հավաստիացրել է, որ շինարարական աշխատանքներն իրականացվելու են փուլային տարբերակով՝ տեղում առևտրային գործունեություն իրականացնողներին հնարավորություն ընձեռելով չընդհատել և շարունակել իրենց աշխատանքը: Իսկ իրականացվող առևտրի հետ կապված՝ Դավիթ Օհանյանը նկատել է, որ տեղի առևտուրը որոշ առումով կանոնակարգվելու է:

Անդրադառնալով նախագծերին՝ քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ ներկայացված տարբերակները վերջնական չեն, և հաշվի առնելով ինչպես առևտրային գործունեություն իրականացնողների, այնպես էլ մասնագետների և հանրային քննարկումների ընթացքում հնչած կարծիքները, կձևավորվի մեկ միասնական նախագիծ:

Վերնիսաժը բացօթյա տոնավաճառ է Երևանի կենտրոնում: Այն ձևավորվել է 1980-ական թթ. կեսերին Մարտիրոս Սարյանի անվան այգու տարածքում, որտեղ հիմնականում նկարներ են ցուցադրվել։ Ժամանակի ընթացքում Վերնիսաժը բաժանվել է 2 մասի՝ նկարիչների մի մասը մնացել է Մարտիրոս Սարյանի այգում, մյուս արվեստագետների ու արհեստավորների համար տեղ է հատկացվել Հանրապետության Հրապարակին կից այգում:

Վերնիսաժում վաճառվում են հայ արվեստագետների ձեռքի աշխատանքները, արվեստի նմուշներ, կիրառական արվեստի նմուշներ, հուշանվերներ, ոսկերչական իրեր, գորգեր, նկարներ Հայաստանի լանդշաֆտների պատկերմամբ, ազգային երաժշտական գործիքներ, տիկնիկներ, քարե, փայտե, կավե, մետաղե, խեցեղենի նմուշներ, հնաոճ իրեր, նաև խորհրդային տարիների հետաքրքիր իրեր՝ գրքեր, կենցաղային պարագաներ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---