ԵՊՀ 200 ուսանող հրազենային և ականի պայթյունից վնասվածքների բուժօգնություն կսովորի

ԵՊՀ 200 ուսանող  հրազենային և ականի պայթյունից վնասվածքների բուժօգնություն կսովորի

PanARMENIAN.Net - Ապրիլի 11-18-ը Երևանի պետական համալսարանի մոտ 200 ուսանող կանցնի տարատեսակ աղետների՝ ներառյալ հրազենային և ականի պայթյունի դեպքում վնասվածքների բժշկական պատրաստվածության դասընթաց: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ծրագիրը կազմակերպվում է ՀՀ ԱԻ նախարարության և ԵՊՀ-ի միջև գործող եռամյա գործակցության շրջանակում՝ համաձայն որի, ամռան ամիսներին ԱԻՆ Աղետների բժշկության կենտրոնը դասընթացներ է կազմակերպում պետհամալսարանի 40-60 ուսանողի համար: Կազմակերպված համաբանակումի շրջանակում ուսանողները 15-30 օրով մեկնում են Արցախ և ստանում տեսական ու գործնական գիտելիքներ:

ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, փ/ծ գնդապետ Կ. Աթոյանը նշել է, որ դասընթացների ժամանակացույցի փոփոխությունը պայմանավորված է վերջին օրերին հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առկա լարվածությամբ:

«Ապրիլյան դեպքերի հետ կապված՝ բնակչության, մասնավորապես` երիտասարդների շրջանում, ցանկություն է առաջացել անցնելու առաջին բուժօգնության՝ հիմնականում հրազենային և ականի պայթյունների վնասվածքների բուժօգնության դասընթացներ: Նախկինում անցկացրել ենք աղետների բժշկության դասընթացներ՝ կոտրվածքների, արնահոսությունների, սիրտ-թոքային անբավարարվածության, իսկ այժմ նշված թեմաներին ավելացրել ենք նաև հրազենային և ականի պայթյունի հետևանքով առաջացող վնասվածքների բուժօգնությունը:

Առաջին դասերը ցույց տվեցին, որ հետաքրքրությունը բավական մեծ է, և հնարավոր է՝ ըստ պահանջի, հետագայում երկարացնենք դասընթացների տևողությունը»,- ասել է Աթոյանը:

Հաշվի առնելով կամավորների մեծ թիվը՝ մոտ 200 ուսանող, Աղետների բժշկության կենտրոնի կողմից որոշում է կայացվել մեկ շաբաթվա ընթացքում կամավորներից վերապատրաստել 20 հրահանգիչ, որոնք հետագայում դասընթացներ կանցկացնեն մյուս 180 ուսանողի հետ: Կենտրոնի մասնագետների խորհրդով` առաջին 20 վերապատրաստվող ուսանողներն ընտրվել են հիմնականում կենսաբանական ու քիմիական ֆակուլտետներից՝ հաշվի առնելով վերոնշյալ մասնագիտությունների առնչությունը բժշկության հետ: Ուսանողները կստանան թե գործնական, թե տեսական գիտելիքներ:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ:

Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ:

Ապրիլի 2-ից 5-ը հայկական ԶՈւ-ն մարտական 77 կորուստ է ունեցել, 15՝ ոչ մարտական: 122 զինծառայող վիրավորվել է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---