11  14.04.16 - ԵԱՏՄ անդամ-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության հարցերով ընդլայնված նիստը

ՏՄՊՊՀ նախագահ. ՌԴ-ում խոչընդոտվում է հայկական ընկերությունների մուտքը մանրածախ առևտրի շուկա

ՏՄՊՊՀ նախագահ. ՌԴ-ում  խոչընդոտվում է հայկական ընկերությունների մուտքը մանրածախ առևտրի շուկա

PanARMENIAN.Net - Հայաստանի արտահանող ընկերությունները ռուսական շուկայում հանդիպում են խոչընդոտների: Երևանում ընթացող ԵԱՏՄ անդամ-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության հարցերով նիստի ժամանակ այս մասին ասել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Նա կարևորել է արտահանման խոչընդոտների բացահայտումը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով մանրածախ առևտրի ոլորտում գործող տնտեսվարողների վարքագծի վրա, գրում է Panorama.am-ը:

Շաբոյանի խոսքով, հայկական մի շարք ընկերություններ դժգոհում են, որ Ռուսաստանի տարածքում առևտրային ցանցերը հաճախ խոչընդոտում են իրենց մուտքը մանրածախ առևտրի ոլորտ:

«Մատակարար հայկական ընկերությունների հետ ուղղակի աշխատելու փոխարեն նախընտրում են ապրանքները ձեռք բերել տեղական դիստրիբյուտորական ընկերությունների միջոցով, որոնք էլ իրենց պայմաններն են թելադրում»,- պարզաբանել է նա՝ հավելելով, որ վերջիններն ավելացնում են իրենց մարժան, ինչն էլ ազդում է ապրանքի վերջնական գնի վրա՝ թանկացնելով հայկական ապրանքները ՌԴ տարածքում:

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը նշել է նաև, որ խտրական վերաբերմունք են ցուցաբերում մի շարք խոշոր առևտրային ցանցեր, որոնք կամայականորեն իջեցնում են ձեռք բերվող ապրանքների գները, երկարացնում են ապրանքի դիմաց վճարման ժամկետները:

Նա ընդգծեց, որ առևտրային ցանցերի կողմից դրսևորվող նման վարքագիծը ոչ միայն անբարենպաստ պայմաններ է ստեղծում, այլ նաև անորոշ իրավիճակի մեջ է գցում հայկական արտահանող ընկերություններին:

Նա առաջարկել է անդամ երկրներում միասնական տեղեկատվական կենտրոններ ստեղծել, որոնք ԵԱՏՄ անդամ պետությունների ներմուծման և արտահանման բոլոր ընթացակարգերի վերաբերյալ ամբողջական տեղեկություններ կպարունակեն և կլինեն հասանելի բոլոր տնտեսվարողների համար:

ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության հարցերով ընդլայնված նիստերին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ԱՊՀ, ինչպես նաև ԵՏՄ անդամ երկրներից 30-ից ավելի պաշտոնյաներ: Միջոցառումները կազմակերպվում են Հայաստանում՝ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 15-ամյակի շրջանակում, որը նշվում է 2016-ին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---