Պերմյակովը՝ Ավետիսյանների սպանության մասին. «Սպառնում էին զանգել ոստիկանություն՝ սպանեցի»

Պերմյակովը՝ Ավետիսյանների սպանության մասին. «Սպառնում էին զանգել ոստիկանություն՝ սպանեցի»

PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ին դատարանը հրապարակել է Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի նախաքննական ցուցմունքը, այնուհետև ներկայացվել է նույն ցուցմունքի տեսաերիզը, որտեղ ռուսական կողմի քննիչը նրան հարցեր էր տալիս:

Պերմյակովի մի քանի ցուցմունքներ են հրապարակվել, որտեղ կային հակասություններ. որպես կասկածյալ հարցաքննելիս Պերմյակովը նշել էր, որ մտել է Ավետիսյանների տուն՝ ջուր խմելու նպատակով, իսկ որպես մեղադրյալ իր տված ցուցմունքում ասում է, որ Ավետիսյանների տուն մտնելու դրդապատճառը եղել է հագուստ վերցնելը:

Դատարանում հրապարակված տեսաերիզում Պերմյակովը պատմում է, որ Ավետիսյանների տուն մտնելիս առաջին սենյակում պառկած աղջիկը վերցրել է հեռախոսը, սպառնացել զանգել ոստիկանություն, մյուսներն արթնացել են, և ինքը սպանել է բոլորին:

Ի՞նչ նպատակ եք հետապնդել՝ հարցրել էր քննիչը: «Մեկին կրակեցի, մյուսներին ինքնաբերաբար ստացվեց, սպառնացին ոստիկանություն կանչել, և վերջ»,- ասել է Պերմյակովը:

Նա իր ցուցմունքում նաև պատմում է, որ տան երկրորդ սենյակից սպանված կնոջ մահճակալի կողքից (խոսքը Հասմիկ Ավետիսյանի մասին է, տանտիրուհու) գտել է պայուսակ, պայուսակի դրամապանակից հանել է 5000 դրամ, ինչպես նաև վերցրել է հեռախոսներ:

Քննիչը նաև հետաքրքրվել էր, թե նախապես գիտե՞ր այդ տան տեղը, ծանո՞թ էր ընտանիքի անդամներին, Պերմյակովը նշել է, որ ծանոթ չի եղել, «ուղղակի կրակեցի, սպանելու մտադրություն չունեի, ստացվեց, քանի որ սպառնում էին զանգել ոստիկանություն»:

Նա նաև պատմում է, որ տնից վերցրել է տաբատ, սպորտային կոշիկներ, բաճկոն: Նա իր ցուցմունքում ասում է, որ զղջում է կատարվածի համար:

Ավետիսյանների ընտանիքի սպանությունը մանրամասնելիս Պերմյակովը նշել է, որ երրորդ սենյակում գտնվող կինը (խոսքը տան հարսի մասին է) նույնպես վերցրել է հեռախոսը, ուզել է զանգել ոստիկանություն, գրում է Aravot.am-ը:

Պերմյակովը նշում է, որ Ավետիսյանների տանը մնացել է 10-15 րոպեից ոչ ավելի: Այսինքն՝ 7 սպանությունը կատարել է 10-15 րոպեի ընթացքում:

Վալերի Պերմյակովը նաև նշել է, որ մինչ Հայաստան գալը 6 անգամ զինվորական ծառայության ժամանակ փախուստի է դիմել, իսկ այլ երկրում ծառայելու ցանկություն ինքն է հայտնել, սակայն Հայաստանում երբևէ միտք չի ունեցել դիմել փախուստի, միտքն առաջացել է միայն դեպքին նախորդած օրը, գրում է Tert.am-ը:

Հարցին, թե որևէ մեկը ստիպել կամ պատվիրե՞լ է իրեն սպանել հայ քաղաքացիներին, Պերմյակովը տվել է բացասական պատասխան:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունել է իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց:

Քրեական գործով իրականացված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2015-ի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը կատարվել է ՀՀ Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից, որը զուգորդվել է ավազակությամբ, բացի այդ, բնակարան ապօրինի մուտք գործելով և զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով՝ հափշտակվել է գույք, որից հետո փորձ է արվել ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը։ Վալերի Պերմյակովը արդեն դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ զենքով դասալքության, զենք և զինամթերք գողանալու և դրա անօրինական ձեռքբերման, փոխանցման, պահպանման, տեղափոխության և կրման հանցագործությունների համար նախատեսված ՌԴ քրեական օրենսգրքի երեք հոդվածով: Դատապարտյալը պատիժը կկրի խիստ ռեժիմով գաղութում: Այսպիսի դատավճիռ է կայացրել Հայաստանում տեղակայված Ռուսաստանի 5-րդ կայազորային զինդատարանը օգոստոսի 12-ի նիստում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---