Ադրբեջանցի ընդդիմադիր. Ալիևն իսկական հանցագործություն է գործել սեփական ժողովրդի դեմ

Ադրբեջանցի ընդդիմադիր. Ալիևն իսկական հանցագործություն է գործել սեփական ժողովրդի դեմ

PanARMENIAN.Net - Ամերիկաբնակ քաղաքագետ, նախկինում Ադրբեջանի կառավարության աշխատակազմի ղեկավար և Ադրբեջանի խորհրդարանի գործերի կառավարիչ Ռամիս Յունուսը «Azerbaycan Saati» ռադիոկայանի ռուսական բյուրոյին տված հարցազրույցում իր գնահատականն է տվել Ադրբեջանի իշխանությունների գործողություններին ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլի սկզբին:

«Եկեք իրերն իրենց անուններով կոչենք: Իլհամ Ալիևն ու նրա ռեժիմը իսկական հանցագործություն են կատարել սեփական ժողովրդի դեմ: Այդպիսի մարդկային կորուստներն արդարացված կարող էին լինել, եթե մեր դրոշը հիմա ծածանվեր Ստեփանակերտում և Շուշիում, կամ գոնե Ղարաբաղի մերձակա շրջաններում: Բայց ոչ մի նման բան չկա: Այդ 4-օրյա պատերազմը ոչ մի օգուտ չտվեց ռազմական առումով, հակառակը` այդ օրերին հսկայական թվով զինվորներ զոհվեցին, այդ թվում 18-ամյա տղաներ»,-ասել է Յունուսը:

Նա նաև խոսել է ադրբեջանական ԶԼՄ-ների «հաղթական» բնույթի տեղեկատվության մասին այն դեպքում, երբ ադրբեջանական կողմի արդյունքները 4-օրյա սրացումից ղարաբաղյան հակամարտության գոտում հեռու են հաղթանակից:

«Եկեք այս պատերազմը համեմատենք, օրինակ, Իսրայելի և արաբական երկրների միջև 1967 թ. Վեցօրյա պատերազմի հետ, որտեղ Իսրայելը նվազագույն կորուստներով հաշված օրերի ընթացքում հասավ հաղթանակի` ընդհանուր առմամբ հսկողություն սահմանելով մի տարածքում, որը 3,5 անգամ գերազանցում էր նրա նախապատերազմյան տարածքը: Ահա սա է հաղթանակը: Իսկ այն, ինչ արեցին Իլհամ Ալիևն ու նրա շրջապատը, այլ կերպ, քան հանցագործություն, չես կոչի»,-հայտարարել է քաղաքագետը:

Նա նշել է, որ Ղարաբաղում անհաջողություններից և Ալիևի ընտանիքի օֆշորային սկանդալներից հետո Ադրբեջանի իշխանությունները փորձում են շեղել հանրության ուշադրությունը դեպի ընդդիմություն`այդ նպատակով պիկետ կազմակերպելով Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի տան մոտ: Յունուսը նշել է, որ անձամբ է ճանաչում ինչպես Ադրբեջանի նախագաhին, այնպես էլ ընդդիմադիր Քերիմլիին:

«Իլհամին ճանաչում եմ արդեն մոտ 30 տարի և հիանալի հիշում եմ, որ երբ սկսվեց Ղարաբաղի պատերազմը, նա այն ժամանակ բիզնեսով էր զբաղված Մոսկվա-Ստամբուլ չվերթում: Ալի Քերիմլիի հետ ծանոթ եմ մոտ 25 տարի, այն ժամանակներից, երբ նա կամավորական ջոկատների հետ Ղարաբաղում էր: Նրա հետ աշխատել եմ նաև Ադրբեջանի կառավարությունում, որտեղ նա իրեն լավ դրսևորեց որպես պետքարտուղար: Ուստի ես հիանալի գիտեմ տարբերությունն իսկական հայրենասերի, ինչպիսին Քերիմլին է, և կեղծ հայրենասեր Իլհամ Ալիևի միջև, որը դուրս չէր գալիս կազինոներից` տանուլ տալով միլիոնավոր դոլարներ»,-ասել է Յունուսը:

Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին հանդես է եկել վերջին օրերին ադրբեջանական բանակի ձախողված ռազմական գործողությունների հետ կապված երկրի քաղաքական և ռազմական ղեկավարությանն ուղղված քննադատական հայտարարությամբ: Քերիմլին ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղը «վերագրավելու» մասին ամեն օր կրկնվող «Պետք լինի, Ղարաբաղը կվերցնենք» արտահայտությունը, և հարց է տվել նրանց. «Բա ինչու՞ չկարողացաք վերցնել»:

Ընթերցեք նաև. Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը՝ Ալիևին. «Այլևս չասեք կվերցնենք Ղարաբաղը, ինչո՞ւ չկարողացաք»

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---