Սերժ Սարգսյան. Հայտարարում եմ ի լուր աշխարհի՝ հայերի բնաջնջում կամ բռնագաղթեցում Արցախում չի լինելու

Սերժ Սարգսյան. Հայտարարում եմ ի լուր աշխարհի՝ հայերի բնաջնջում կամ բռնագաղթեցում Արցախում չի լինելու

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 24-ին ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

«Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Մեծ եղեռնից անցել է արդեն մեկ դարից ավելի: Ի՞նչ է փոխվել: Առաջինը՝ փոխվել ենք մենք: Մենք վերածնվել ենք որպես ազգ և որպես պետություն: Մենք ապացուցել ենք մեզ և աշխարհին, որ թուրքական ցեղասպանական ծրագրերը տապալվել են: Արդարության հաղթանակի համար մեր պայքարը շարունակվում է: Ի՞նչ չի փոխվել: Չեն փոխվել պաշտոնական Թուրքիայի ժխտողական կեցվածքը և թշնամական վերաբերմունքը հայկական ամեն ինչի հանդեպ: Սա հանցագործության ուղղակի շարունակությունն է արդեն մեր օրերում:

Մասամբ փոխվել է թուրքական հասարակությունը: Այսօր նա իր պատմության մասին գիտի ավելին, քան գիտեր երեկ: Վաղը իմանալու է ավելին, քան գիտի այսօր, եթե իհարկե չխեղդեն ազատ խոսքն ու մամուլը, չգնդակահարեն և չձերբակալեն պատգամավորների, հասարակական գործիչների ու խմբագիրների: Ճշմարտությունը, թեև դանդաղ, բայց բացում է մարդկանց աչքերը», - նշել է ՀՀ նախագահը:

«Այս օրերին դեռ չեն հանդարտվել հույզերն ու ապրումները, քննարկումներն ու վերլուծությունները` կապված ապրիլի 2-ից 5-ը տեղի ունեցած պատերազմական գործողությունների հետ: Ադրբեջանը կրկին պատերազմ սկսեց Արցախի դեմ: Կրկին մեծ կորուստներ կրելով` հետ շպրտվեց: Ադրբեջանի իրական նպատակը կամ ավելի ճիշտ՝ երազանքը Արցախի գրավումն ու հայաթափումն է, ինչի արդյունքում Արցախի բնակչությունը մասամբ պետք է բնաջնջվի, մասամբ բռնագաղթի: Այսօր` 2016 թվականի ապրիլի 24-ին, ես հայտարարում եմ ի լուր աշխարհի. հայերի բնաջնջում կամ բռնագաղթեցում Արցախում չի լինելու: Հայերի նոր ցեղասպանություն մենք թույլ չենք տալու: Մենք ասելով` նկատի ունեմ հայ ժողովրդին, նրա բոլոր հատվածներին, նկատի ունեմ հայոց միասնականությունը», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:

«Այսօր, գլուխ խոնարհելով մեր անմեղ զոհերի հիշատակի առջև, մենք արձանագրում ենք մեր ժողովրդի բացառիկ միասնականությունն ու կամքը՝ կառուցելու ազատ, խաղաղ ու ժամանակակից երկիր, համայն հայության հզոր հայրենիք, ուր վերադառնում են Հայոց ցեղասպանության զոհերի և հրաշքով փրկվածների սերունդները», - եզրափակել է ՀՀ նախագահը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---