ԵՄ-ն լրացուցիչ պայմաններ առաջ չի քաշել Վրաստանին առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ տրամադրելու համար

ԵՄ-ն լրացուցիչ պայմաններ առաջ չի քաշել Վրաստանին առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ տրամադրելու համար

PanARMENIAN.Net - Եվրամիությունը լրացուցիչ պայմաններ առաջ չի քաշել Վրաստանին առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի տրամադրման դիմաց, Եվրախորհրդարանը պատրաստ է քվեարկել Եվրահանձնաժողովի համապատասխան առաջարկության օգտին, երբ այն ներկայացվի: Այսպիսի հայտարարություն է արել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը: «Եթե երկիրը կատարել է անհրաժեշտ չափանիշներին համապատասխանելու քայլերը, նրան տրամադրվում է առանց մուտքի արտոնագրի ռեժիմ»,-ասել է Շուլցը Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինան»:

Շուլցը հիշեցրել է, որ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ առաջարկելը Եվրահանձնաժողովի իրավասությունն է: Սակայն նա վստահություն է հայտնել, որ եվրոպացի խորհրդարանականները ձայների մեծամասնությամբ կքվեարկեն այդ առաջարկի օգտին: Ոչ մի մոտավոր ժամկետ նա չի նշել:

Ուսուպաշվիլին իր հերթին հավաստիացրել է, որ «չափանիշների կատարման աշխատանքն ընթանում է իր հունով և որոշ ժամանակ կպահանջի:

ԵՄ-ն Վրաստանին անվանել է «ԵՄ առանցքային դաշնակիցը տարածաշրջանում»:

2015-ի ավարտին Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ Ուկրաինան և Վրաստանը կատարել են բոլոր անհրաժեշտ պայմանները ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականցման համար: Եթե Բրյուսելի և Թբիլիսիի միջև կնքված այս համաձայնագրի վերջնական վավերացման ճանապարհին որևէ անակնկալ չարձանագրվի, ապա Վրաստանի քաղաքացիներն արդեն 2016-ի ամռանը հնարավորություն կստանան երեք ամիս ժամկետով Շենգենյան համաձայնագրին մաս կազմած եվրոպական պետություններ մեկնել առանց մուտքի արտոնագրերի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---