Եվրախորհրդարանի նախագահ. Քրդերի հետ հակամարտությունում Թուրքիան չի կարող ռազմական ճանապարհով հաղթել

Եվրախորհրդարանի նախագահ. Քրդերի հետ հակամարտությունում Թուրքիան չի կարող ռազմական ճանապարհով հաղթել

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը խստորեն քննադատել է թուրքական իշխանությունների քաղաքականությունը, հայտնում է Die Welt-ը:«Թուրքիան լավագույն ուղին չի ընտրել ժողովրդավարական քաղաքական զարգացման առումով»,-հայտարարել է Շուլցը Համբուրգում լրագրողների հետ հանդիպմանը:

Նա նշել է, որ էրդողնաի օրոք Թուրքիայում սաստկացել են լրագրողների, ընդդիմադիրների և արվեստի գործիչների հետապնդումները, իսկ քրդերի հետ հակամարտությունը նոր ուժով է բռնկվել:

«Քրդերի հետ հակամարտությունում Թուրքիան չի կարող ռազմական ճանապարհով հաղթել: Այն պետք է լուծվի խաղաղ ճանապարհով»,-ասել է Շուլցը:

Սակայն, Եվրախորհրդարանի ղեկավարն անհրաժեշտ է համարել ԵՄ և Թուրքիայի համագործակցությունը փախստականների հարցում:

Ավելի վաղ Եվրոպական խորհրդարանում Թուրքիայի և Եվրամիության միջև փախստականների հարցով պայմանագրի քննարկմանը Եվրահանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանս Թիմմերմանսը հայտարարել է, որ Թուրքիայի և իրենց միջև տարածությունը չի փոքրանում, հակառակը` մեծանում է:

Ապրիլին Եվրախորհրդարանն ընդունել է Եվրամիության անդամակցությանը ձգտող Թուրքիայի առաջընթացի գնահատման տարեկան՝ 2015-ի զեկույցը, որտեղ ներառված է Հայոց ցեղասպանություն ձևակերպումը։

Թուրքիայի կառավարությունում Եվրամիության հետ կապերի գծով նախարար Վոլքան Բոզքըրը, ով պաշտոնական այցով Վիեննայում էր, ասել է, թե Թուրքիայի կառավարությունը զեկույցը համարում է զրո և անվավեր ու այն վերադարձնելու է Եվրախորհրդարան:

Միջազգային գործակալությունները նշում են, որ Թուրքիայի առաջընթացի գնահատման զեկույցը բավականին խիստ է։ Հայոց ցեղասպանության հարցը ներառելուց բացի, Եվրախորհրդարանը Թուրքիայի կառավարությանը խստորեն քննադատել է մարդու իրավունքների, խոսքի, մամուլի ազատության, ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքներից նահանջելու համար։

Ընթերցեք նաև. ԵՀ փոխնախագահ. ԵՄ-ի և Թուրքիայի միջև տարածությունը մեծանում է, մարդու իրավունքների վիճակը չբարելավվեց

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---