Նախարար. «Նաիրիտը» պետք է գործարկվի

Նախարար.  «Նաիրիտը» պետք է գործարկվի

PanARMENIAN.Net - «Նաիրիտը» պետք է գործարկվի։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը` վստահեցնելով, որ այս հարցի վերաբերյալ իր տեսակետը նախարար նշանակվելուց հետո չի փոխվել:

Նրա խոսքով՝ բոլոր ջանքերը գործադրելու է, «որ մենք ունենանք Նաիրիտ»:

Միաժամանակ, գործարանի աշխատակիցները ծանուցագրեր են ստանում այն մասին, որ հուլիսի 1-ից ազատված են աշխատանքից։ Ըստ տարածված լուրերի`աշխատանքից ազատման մասին այս պահին արդեն տեղեկացվել է գործարանի 450 աշխատակից։

Էկոնոմիկայի նախարարն հրաժարվել է մեկնաբանել այս լուրերը` խորհուրդ տալով այդ հարցով դիմել դրանք տարածողներին, հաղորդում է Sputnik Արմենիան։

«Ես ոչինչ չունեմ այդ թեմայով ասելու, որովհետև առնչություն չունեմ»,- ասել է նախարարը:

«Նաիրիտը» քլորոպրենային կաուչուկի միակ արտադրողն էր ԽՍՀՄ տարածքում: 2006-ին ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառվեց բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումին 40 մլն դոլարվ, բաժնետոմսերի 10 տոկոսը պատկանում է ՀՀ կառավարությանը: 2010-ի ապրիլից գործարանը չի աշխատում: Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի աշխատակազմը 2015-ի հունիսի 24-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն է ներկայացրել «Նաիրիտ»-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության վերաբերյալ վերջնական հաշվետվությունը և խորհուրդ տվել լուծարել գործարանը։ Ըստ ՀԲ-ի՝ «Նաիրիտը» շարունակում է վատնել կառավարության ռեսուրսները:

ՀՀ կառավարությունը 2015-ի օգոստոսին ամբողջությամբ մարել է քիմիական հսկայի աշխատակիցների աշխատավարձերի բոլոր պարտքերը:

Մարտի 16-ին խորհրդարանում կառավարական ժամի շրջանակում Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանըհայտարարել է, որ «Ռոստեխ» կորպորացիայի «ՌՏ-Խիմկոմպոզիտ» հոլդինգը առաջարկություններ կներկայացնի «Նաիրիտի» վերագործարկման վերաբերյալ:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի առկա վիճակը և հետագա անելիքները ուսումնասիրելու համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---