Սոցհարցում. Ռուսաստանցիների 35%-ը կողմ է Արցախի անկախությանը

Սոցհարցում. Ռուսաստանցիների 35%-ը կողմ է Արցախի անկախությանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի բնակիչները հավատում են, որ Մոսկվան կարող է օգնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Նրանք ոչ Հայաստանի կողմից են, ոչ` Ադրբեջանի, այլ հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի անկախության օգտին, գրում է «Իզվեստիան»:

Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնի հարցմանը մասնակցել է 1,6 հազար մարդ ՌԴ 46 շրջանների 130 բնակավայրից:

Սոցիոլոգները հարցրել են ռուսաստանցիներին` լսել են նրանք արդյոք Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության սրման մասին: Պարզվել է, որ ռուսաստանցիների 72%-ը լսել է դրա մասին: Այս ցուցանիշը զգալիորեն գերազանցում է 2014-ի 45% ցուցանիշը:

Հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր է համարում ռուսաստանցիների 71% (2014-ին`57%): Ընդ որում, 15%-ը դրան չի հավատում: Ավելի հաճախ բացասական կանխատեսում են անում Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի բնակիչները` 20%, ինչպես նաև ոչ խորհրդարանական կուսակցությունների կողմնակիցները` 21%:

44%-ը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության հարցում ՌԴ-ն պետք է որպես միջնորդ հանդես գա` դադարեցնելու համար արյունահեղությունը: 2 տարի հետո այդ դիրքորոշումը կիսում էր բնակչության մեկ քառորդը` 25%:

Գնալով ավելի քիչ ռուսաստանցիներ են կարծում, որ ՌԴ-ն պետք է չեզոք մնա: Եթե 2014-ին դրան կողմ էր 60%-ը, ապա 2016-ին` միայն 36%-ը:

Ըստ հարցման, ռուսաստանցիների 35%-ը կողմ է Լեռնային Ղարաբաղի անկախությանը: Գրեթե յուրաքանչյուր 10-րդը (9%) կարծում է, որ ՌԴ շահերից է բխում, որ Ղարաբաղը ՀՀ մաս կազմի, իսկ 6%-ն` Ադրբեջանի: Ըստ 18%-ի, ԼՂ ճակատագիրը նշանակություն չունի ՌԴ շահերի համար:

Ըստ հարցման մասնակիցների մեկ քառորդի (26%), Լեռնային Ղարաբաղն այսօր անկախ պետություն է, 11%-ն այն Ադրբեջանի մաս է համարում, իսկ 13%-ը` ՀՀ մաս: Իսկ մեծամասնությունը (47%) դժվարացել է որոշել նրա տարածքային պատկանելությունը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Հայկական կողմն ունեցել է 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 125 զինծառայող վիրավորվել է: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Սակայն ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել ինչպես ղարաբաղյան, այնպես էլ ՀՀ դիրքերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---