ԱՄՆ պաշտոնյա. Նավթից ԻՊ-ի եկամուտը կրկնակի կրճատվել է՝ հասնելով $250 մլն-ի

ԱՄՆ պաշտոնյա. Նավթից ԻՊ-ի եկամուտը կրկնակի կրճատվել է՝  հասնելով $250 մլն-ի

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ նավթի արդյունահանումից ու վաճառքից ստացվող եկամուտները կրճատվել են՝ տարեկան $500 մլն-ից հասնելով $250 մլն-ի: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարի օգնական Դենիել Գլասերը:

«Հավանաբար նրանք այժմ ստանում են նախկինում ունեցածի կեսը»,- հաղորդել է նա՝ նշելով, որ դրան հաջողվել է հասնել ավիահարվածների, ինչպես նաև նավթի մաքսանենգության դեմ պայքարի արդյունքում, ՏԱՍՍ-ին հղումով գրում է Tert.am-ը:

Բացի այդ, Գլասերը նշել է, որ խմբավորումը տարեկան 360 մլն դոլար եկամուտ է ստանում իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից հարկեր հավաքելով:

2016-ի ապրիլին Reuters գործակալությունը էներգետիկայի ոլորտում IHS Global Inc խորհրդատվական ընկերության զեկույցի վրա հղումով հայտնել է, որ Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման եկամուտները 2015-ի կեսից սկսած նվազել են 30%-ով: Ըստ փաստաթղթի, 2015-ին կազմակերպության եկամուտները հասնում էին $80 միլիոնի, մինչդեռ 2016-ին` $56 մլն: Բացի այդ, մեկ երրորդով կրճատվել է նավթի արդյունահանումը ԻՊ վերահսկվող տարածքներում` օրական 33 հազարից մինչև 21 հազար բարել:

2015-ի դեկտեմբերին ՌԴ ՊՆ-ն հրապարակել է ԻՊ վերահսկվող տարածքներից դեպի Թուրքիայի նավթի արտահանման ապացույցները, որի գլխավոր շահառուներ հայտարարվեցին Թուրքիայի նախագահն ու նրա ընտանիքի անդամները: Ռուսաստանի ՆԳՆ-ն հրապարակել է լուսանկարներ ու տեսանյութեր, որոնցում արձանագրված է թուրքական նավահանգիստներում բենզատար մեքենաների կուտակում, որոնք ժամանել են իսլամիստներին ենթակա տարածքներից:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---