Գառնեցիները 5-րդ անգամ փակել են Գառնի-Երևան ճանապարհը. Պահանջում են Ազատի կիրճից հանել շինտեխնիկան

Գառնեցիները 5-րդ անգամ փակել են Գառնի-Երևան ճանապարհը. Պահանջում են Ազատի կիրճից հանել  շինտեխնիկան

PanARMENIAN.Net - Գառնի համայնքի բնակիչները մայիսի 20-ին կրկին՝ արդեն հինգերորդ անգամ փակել են Գառնի-Երևան ավտոճանապարհը:

Նրանք շարունակում են պահանջել չեղյալ համարել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագիրը և տեխնիկան դուրս բերել Ազատ գետի կիրճից, հայտնում է Tert.am-ը:

Գառնիի բնակիչներն ասում են, ծրագրով նախատեսվում է Ազատ գետի ջուրը տեղափոխել Արարատի մարզի 12 գյուղ, որտեղ, ըստ գառնեցիների, վարչապետ Հովիկ Աբրահամյանի և մի շարք այլ պաշտոնյաներին պատկանող այգիներն են:

Գառնեցիները հայտնել են երեք օր է արդեն Ազատ գետի կիրճում վերսկսվել են շինաշխատանքներ, ավելի մեծ թափով և նախկին 3 տեխնիկայի փոխարեն այժմ այնտեղ աշխատում է թվով 6 տեխնիկա:

«Թվով 6 հատ ծանր տեխնիկա՝ տրակտորներ, կամազներ, քանդում, ավիրում են կիրճը: Այստեղ միայն գառնեցիների իրավունքները չեն ոտնահարվում, սա հայության խնդիրն է», - ասել են Գառնիի բնակիչներից մեկը, հայտնում է Էկոլուրը:

Գառնեցիներին են միացել նաև Գողթ համայնքի բնակիչները: Նրանք բողոքում են, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը «Կարմիր սար» կոչվող տարածքում հողատարածքներ է վերցրել և Գողթ համայնքը ոռոգող Գեղալճի ջուրն իր հողատարածքները ոռոգելու նպատակով տեղափոխում է:

Ակցիայի մասնակիցներին են միացել նաև բնապահպաններ, ովքեր աջակցում են գյուղացիներին:

Երկու տարի գառնեցիները պայքարում են Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագրի դեմ, որով նախատեսվում է Ազատ գետի միջին հոսանքներից 820-:-1,020 մմ տրամագծով 27,685 մ երկարությամբ պողպատե խողովակաշարով գետի ջուրը տանել Արարատի մարզ: Գառնեցիները վստահ են, որ ծրագրի արդյունքում կցամաքի Ազատ գետը, կավիրվի Ազատի կիրճը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---