Մեդվեդևը՝ Սարգսյանին. Կարևոր է զինադադարի պահպանումը, իսկ ՌԴ-ն կօգնի հակամարտության կարգավորմանը

Մեդվեդևը՝ Սարգսյանին.  Կարևոր է զինադադարի պահպանումը, իսկ ՌԴ-ն կօգնի հակամարտության կարգավորմանը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 20-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, ով Հայաստան է ժամանել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

«Անցած անգամ Ձեր պաշտոնական այցի ժամանակ մենք քննարկեցինք մեր օրակարգի առավել արդիական և զգայուն հարցերը: Կարծում եմ, որ այսօր մենք կշարունակենք այդ զրույցը, քանի որ այն ժամանակ, իրոք, բարդ ժամանակաշրջան էր մեր տարածաշրջանի համար, որը ստեղծվել էր Ադրբեջանի կողմից 1994-95թթ. պայմանագրերի կոպտագույն խախտումների պատճառով:

Մի քանի օր առաջ ես վերադարձել եմ Վիեննայից, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ մենք քննարկեցինք ստեղծված իրավիճակը և այդ իրավիճակից դուրս գալու ուղիները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել զինադադարի ռեժիմի խախտումների մշտադիտարկում անցկացնելու և միջադեպերի հետաքննության մեխանիզմ ներդնելու վերաբերյալ:

Մենք, իհարկե, մեր կողմից կանենք ամեն ինչ, որպեսզի այդ խախտումները չլինեն, և հուսով եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները հետևողականորեն կիրականացնեն այն որոշումները, որոնք մենք համատեղ ընդունել ենք»,-ասել է Սարգսյանը:

ՌԴ վարչապետն ընդգծել է. «Անցած անգամ մենք, իսկապես, անցկացրեցինք երկկողմ բանակցություններ, իսկ այսօր տեղի կունենա մեր միության Եվրասիական միջկառավարական խորհրդի լիագումար նիստը: Դիտարկելու ենք տարբեր և առաջին հերթին տնտեսական հարցեր, որոնք օգտակար են բոլոր երկրների համար:

Ընդ որում, Եվրասիական հանձնաժողովի ղեկավարը նույնպես ներկայացնում է Հայաստանը, ինչը, այս իմաստով, խորհրդանշական է: Կշփվենք, և գործընկերները կառավարությունից Ձեզ կզեկուցեն արդյունքների մասին: Վստահ եմ, որ կհասնենք այն պայմանավորվածություններին, որոնք անհրաժեշտ են, կրկնում եմ, մեր տնտեսությունները խթանելու համար:

Իրոք, իմ նախորդ ա յցը կայացավ շատ դժվար իրադրության պայմաններում: Միանգամից ուզում եմ ասել, որ Ռուսաստանում մենք, այնուամենայնիվ, շատ լարված հետևում էինք իրադարձությունների զարգացմանը, ուժերի ներածին չափով օգնում էինք ստեղծված իրավիճակը կարգավորելու համար»,- ասել է Մեդվեդևը:

Նրա խոսքով, կարևոր է, որ ձեռքբերված զինադադարի ռեժիմը պահպանվի:

«Այս համատեքստում մենք, իհարկե, լիովին ողջունում ենք Ձեր հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ, որը տեղի ունեցավ Վիեննայում, ինչպես նաև Մինսկի խմբի շրջանակում գործադրվող ջանքերը երկխոսությունը պահպանելու, շփումը շարունակելու և ապագայում նման բնույթի միջադեպեր թույլ չտալու համար՝ հաշվի առնելով այն պայմանավորվածությունների պահպանումը, որոնք պատմականորեն ձեռք են բերվել 1994-95թթ. և, իհարկե, տարածաշրջանում ավելի ամուր խաղաղության ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման ուղղությամբ առաջ շարժվելու անհրաժեշտությունը: Կարող եք չկասկածել՝ Ռուսաստանը միշտ օգնել և օգնելու է այս դժվար հակամարտության կարգավորման հարցում», - շեշտել է ՌԴ վարչապետը:

Հայաստանում մայիսի 20-ին անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում են ԵՏՄ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարները: Երևանյան նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: ԵՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարներին կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Կարդացեք նաև՝ Աստանայում կարող է Սարգսյան-Պուտին առանձնազրույց կայանալ

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---