Փայլանը՝ «հայերի որսի» դուրս գալ ցանկացողի դատավճռի մասին. Արդարությանը հավատացողների համար հուսադրող է

Փայլանը՝ «հայերի որսի» դուրս գալ ցանկացողի դատավճռի մասին. Արդարությանը հավատացողների համար հուսադրող է

PanARMENIAN.Net - Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը մեկնաբանել է Թուրքիայի ազգայնական «Գորշ գայլերի» Կարսի երիտթևի առաջնորդ Թոլգա Ադըգյուզելին «հայերի որսի դուրս գալու» մասին հայտարարության համար 7 ամիս 15 օր ժամկետով ազատազրկելու և 11.240 թուրքական լիրա տուգանք վճարելու դատավճիռը։

Թոլգա Ադըգյուզելին հակահայկական հայտարարության համար դատի էր տվել ու դատը շահել հենց Կարո Փայլանը։

Թուրքիայի խորհրդարանի պատգամավորը նշել է, որ վճիռը հուսադրող է, թուրքական «Հուրրիյեթ»-ին հղումով գրում է Tert.am-ը։

«Ատելության քարոզն ատելությունից բխող հանցագործությունների պատճառ կարող է դառնալ։ Այդ դատավարության արդյունքը ցույց է տալիս, որ ատելության սերմանումն անպատիժ չի մնում, ինչը թե՛ հայերի, թե՛ Թուրքիայի հասարակության մեջ խաղաղության ու արդարության հավատացող բոլոր կողմերի համար հուսադրող է։

Մենք շարունակելու ենք պայքարել ատելության խոսք պարունակող, ռասիստական ցանկացած հանցագործության դեմ՝ արդարություն փնտրելով ու աշխատելով հասարակության հաշտեցման ուղղությամբ»,-ասել է Փայլանը։

Ադըգյուզելի վերոնշյալ սպառնալիքի պատճառ էր դարձել 2015 թվականի հունիսի 21-ին հայոց հինավուրց մայրաքաղաք Անիի ավերակներում ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանի կազմակերպած համերգը: Ադըգյուզելը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ արտահայտել էր իր «վրդովմունքը» և հնչեցրել հայերի որսի մասին տխրահռչակ արտահայտությունը՝ «Ի՞նչ անենք, մենք էլ Կարսի մատույցներում հայերի որսի դուրս գա՞նք»: Բացի այդ սպառնալիքներ էր հնչեցրել Թուրքիայում իրենց ազատ զգացող հայերի հասցեին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---