Ցեղասպանությանը նվիրված բալետային տեսաբեմականացումը`«Էմմի»-ի մրցանակակիր (վիդեո)

Ցեղասպանությանը նվիրված բալետային տեսաբեմականացումը`«Էմմի»-ի մրցանակակիր

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանությանը նվիրված «Մեռան, որ ապրինք» բալետային բեմականացումն արժանացել է «Էմմի» հեղինակավոր մրցանակին 45-րդ մրցանակաբաշխության շրջանակում: Մրցանակը շնորհվել է բալետային տեսաբեմականացման գործադիր պրոդյուսերներ Դիանա և Չարլզ Պասկերյաններին, հայտնում է Asbarez-ը:

«Էմմի» մրցանակը շնորհվում է ԱՄՆ Հեռուստատեսային արվեստների և գիտությունների ազգային ակադեմիայի կողմից հեռուստատեսության ասպարեզում նշանակալի նվաճումների համար: 2016-ին ներկայացվել է ռեկորդային թվով տեսանյութ` 757 անգլիական և 179 իսպանական ֆիլմ 67 անվանակարգում: «Մեռան, որ ապրինք»-ը ներառվել էր Արվեստ/Զվարճալի ծրագրեր անվանակարգում:

Սան Ֆրանցիսկոյի բալետի մենակատար Դավիթ Կարապետյանի մոտ Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված բալետ բեմադրելու գաղափարն առաջացավ, երբ նա առաջին անգամ տեսավ Ցեղասպանության զոհերին նվիրված խաչի տեսքով հուշարձանը Սան Ֆրանցիսկոյում: Սկզբնական փուլում նախատեսվում էր բեմադրությունը նվիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, սկսվեց աշխատանքը: Սակայն մեկ տարուց ավելի պահանջվեց բեմականացումն ավարտելու համար:

Բեմականացմանը Դավիթ Կարապետյանը մասնակցել է որպես մենակատար և խորեոգրաֆ: Մասնակցել են նաև մենակատար Վանեսսա Զաորյանը և բալետի ևս 14 պարող Սան Ֆրանցիսկոյից, ինչպես նաև 23 անձից բաղկացած թիմը: Պրոդյուսերներն են Դիանա և Չարլզ Պասկերյանները:

Տեսանախագիծը ստացել էր Սան Ֆրանցիսկոյի Հայ-ամերիկյան կազմակերպությունների խորհրդի հավանությունը: Խորհուրդը նաև ժամանակին աջակցել է Սան Ֆրանցիսկոյում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի տեղադրմանը` խաչի տեսքով Սան Ֆրանցիսկոյի հուշարձանը Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված ամենաբարձր հուշարձանն է աշխարհում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---